Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնության մասին, Վաշինգտոն, 15-ը օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնության մասին, Վաշինգտոն, 15-ը օգոստոսի, 2020թ.

Այս տարվա հոկտեմբերի 18-ին սպառվում է Իրանին զենք վաճառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած արգելքի ժամկետը:

Անցած ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության է դրվել արգելքը երկարաձգելու բանաձևի օրինագիծը:

ՄԱԿ-ի հինգ մշտական անդամներից Ռուսաստանը և Չինաստանը նախապես հայտնել էին, որ դեմ են բանաձևին և հարկ եղած դեպքում կօգտագործեն վետոյի իրավունքը, սակայն գործը դրան չի հասել:

Հեռավար կարգով նիստը վարող ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպան Դիան Ջանին հայտնել է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամներից երկուսը կողմ եմ քվեարկել, երկուսը՝ դեմ, իսկ 11-ը ձեռնպահ են մնացել, այդպիսով, բանաձևը քվեարկությամբ չի ընդունվել:

Իրանն այդ քվեարկությունն անվանել է Վաշինգտոնի դիվանագիտության ջախջախիչ պարտություն:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտել է քվեարկության արդյունքն ու ասել, որ ՄԱԿ-ը Թեհրանին ընձեռում է մահաբեր զինատեսակներ գնելու և վաճառելու հնարավորություն:

«Դե, մենք գիտեինք, թե ինչպես կավարտվի քվեարկությունը։ Մենք կվերականգնենք ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, կտեսնեք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ, այո, դա կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում», - օգոստոսի 15-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները վերականգնելու դրույթն ամրագրված է միջուկային պայմանագրում, որը 2015 թվականին ստորագրել են Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամեր ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան և այդ բանակցությունների ակտիվ մասնակից Գերմանիան:

2015-ի պայմանագրով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային հետազոտություններն ու մասնավորապես՝ ուրանի հարստացումը:

Գերտերություններն էլ, իրենց հերթին, պետք է աստիճանաբար թուլացնեին և վերացնեին Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները, ինչը թույլ կտար այդ երկրին բարենպաստ պայմաննեում նավթ վաճառել և վերականգնել տնտեսական ու ֆինանսական կապերն աշխարհի հետ:

Թրամփը դեռ 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ է դատապարտել Իրանի հետ համաձայնությունն ու ասել, թե 2015-ին Միացյալ Նահանգները ստորագրել է «ամենաանհաջող և վնասակար փաստաթուղթը Պետական դեպարտամենտի գոյության պատմության ընթացքում»:

Իրանը երեկ արձագանքել է ՄԱԿ-ի պատժամիջոդցները վերականգնելու Թրամփի ակնարկին:

Արտաքին գործոց նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, թե Միացյալ Նահանգները չի կարող դիմել այդ քայլին այն պարզ պատճառով, որ ի պաշտոնե՝ հենց Թրամփի վճռով դեռ 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից:

«Դա ապօրինի կլինի, դա անընդունելի է, և հենց ամերիկացիները գիտեն դրա մասին: Մի կարծեք, թե ամերիկացիների այդ բարձրաձայն բողոքներն ինչ-որ նշանակություհն ունեն, Ամերիկան գիտի, որ վերականգնում հնարավոր չէ», - ասել է Զարիֆը:

Ուշագրավ է, որ Բրյուսելն էլ անմիջապես նկատել է տվել, որ ԱՄՆ-ը չի կարող արծարծել ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու հարցը:

Եվրոպական միության Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ «դուրա գալով պայմանագրից՝ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող դիմել այնպիսի քայլերի, որոնք վերապահված են այն ստորագրած երկրին»:

«Տեսեք, թե ինչ օրն է ընկել Ամերիկան, նրանց առաջարկած բանաձևի օգտին իրենցից բացի մի պստիկ կղզի է քվեարկել», - հեգնանքով ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ անկարկելով Դոմինիկյան Հանրապետությունը:

Վաշինգտոնը պնդում է, թե մնում է պայմանագրի մասնակից, քանի որ ամերիկացիները ստորագրել են միջուկային պայմանագիրը հնարավոր դարձրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ենթադրվում է, որ այդ թեմայի շուրջ ՄԱԿ-ում դիվանագետների թեժ վեճեր կլինեն:

ՄԱԿ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները, որոնք գործել են նախքան միջուկային պայմանագիրը, ենթադրում են Իրանում միջուկային ակտիվությունը՝ հետազոտություններ, ուրանի հարստացում, տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև հրթիռների ստեղծումը և արտադրությունը դադարեցնելու պահանջ, զենքի առևտրի արգելք և պատժիչ որոշումներ տասնյակ հիմնարկների, ձեռնարկությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ:

Դրան հասնելու համար Միացյալ Նահանգները պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացնի բողոք առ այն, որ Իրանը խախտում է 2015 թվականի պայմանագիրը:

Խորհուրդը, իր հերթին, պետք է երեսուն օրում քվեարկության դնի պատժամիջոցները վերականգնելու կամ այսօր գործող թուլացումն ուժի մեջ թողնելու բանաձև:

Ընդ որում, կարող է ստեղծվել, շախմատային տերմինաբանությամբ, պատային վիճակ՝ պատժամիջոցների համապարփակ վերականգնումը վետոյի կենթարկեն նույն Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ այսօր գործող ռեժիմի պահպանումը վետոյի կենթարկի Միացյալ Նահանգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG