Մատչելիության հղումներ

Նրանք զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտից. Հարությունյանն` իրեն քննադատողներին


Հանրային քննադատությունների թիրախում հայտնված առարկայական չափորոշիչների նոր նախագծի շուրջ քննարկումները ոլորտի գլխավոր պատասխանատուն աննախադեպ է որակում։ Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է նման բաց քննարկում իրականացվում։ Ըստ նրա՝ այս ընթացքում արդեն ավելի քան 2 հազար առաջարկ են ստացել, քննարկումներում ներգրավվել է շուրջ 6 հազար ուսուցիչ։ Հարությունյանը նախարարությունն ու չափորոշիչները ապազգային որակողներին էլ անդրադարձավ։

«Եթե ազգային է պատմության կեղծումը դասագրքերի միջոցով անցած 30 տարիներին, ապա, այո, թող մեզ անվանեն ապազգային, իրենց պատմություն կեղծելը՝ ազգային», - ասաց նա:

Թե ինչո՞ւ է նաև ակադեմիական շրջանակներից քննադատություն հնչում, հարցին Արայիկ Հարությունյանն իր պատասխանն ունի։ Կոշտ է արձագանքում նախարարության աշխատանքը քննադատողներին` հայտարարելով, թե պատճառն այն է, որ նրանք զրկվել են կրթության բյուջեի կերակրատաշտից։ Հիշեցնում է՝ դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել է. - «Ստացել են հոնորարներ, այդ թվում նաև նախորդ ռեժիմի համար պատմության դասագրքերը կեղծելով կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով, մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից»:

Հանրակրթության և առարկայական չափորոշիչների նախագծերը, չնայած դրական կողմերին, բազմաթիվ բացեր ունեն, կարծում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը։ Կրթության ոլորտը հետազոտող Մանուկյանի խոսքով՝ չափորոշիչներում նշված հիմնավորումները հաճախ շատ թույլ են կամ ընդհանրապես բացակայում են. - «Օրինակ` երիտասարդ գրողներին ներգրավում են, շատ լավ է, բայց ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ո՞նց են որոշել` որ գրողից որ գրական ստեղծագործությունը վերցնեն: Այս ամեն ինչը ստեղծում է բավականին մեծ տարընթերցման ու քննարկման դաշտ»:

Նոր չափորոշիչներով նախատեսվում է մի շարք առարկաների փոփոխություն, օրինակ` Հայոց եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա առաջարկվում է հանել ծրագրից` դրա բովանդակությունը միացնելով Հայոց պատմությանը։ Գրականություն առարկայի ծրագրում էլ հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են ներառվում. - «Ցավոք սրտի, այդ մեկ-երկու դեպքերը, որոնք արձանագրվել են, այո, կան, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», - նկատեց նախարարը:

Որոշ դպրոցներում հակահամաճարակային կանոնները խախտվում են։ «Ազատության» հարցին՝ արդյոք նախարարությունում մտավախություն չունեն, որ այդ իրավիճակը նոր բռնկման պատճառ կարող է դառնալ, նախարարը հակադարձեց՝ չնայած չէին սպասում, որ առաջին օրվանից պետք է բոլորը շարժվեն ըստ ուղեցույցի, սակայն գոհ է արդյունքներից. - «Հնարավոր է, որ դպրոցների, բուհերի և արտակարգ դրության վերացման հետևանքով կամ արդյունքում մենք ունենանք մի իրավիճակ, երբ թվերը որոշակի տատանում կտան, բայց կարծում ենք, որ այն կանոնները, որ ունենք հիմա, թույլ են տալիս մեզ հուսալու և վստահ լինելու, որ այդ տատանումները մեծ չեն լինելու»:

Վերջին տվյալով՝ 6 հազար ուսուցիչ է թեստավորվել, նրանցից միայն 1 տոկոսի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։ Նախարարը պոլիկլինիկաներում թեստավորման մասնակցող ուսուցիչների կողմից հակահամաճարակային կանոնների խախտմանն էլ անդրադարձավ՝ մեղքը գցելով առողջապահական հաստատությունների ղեկավարների վրա. - «Մենք կաշխատենք պոլիկլինիկաների հետ, որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն»։

XS
SM
MD
LG