Շուրջ կես տարի տևած արտակարգ դրությունը վաղը կավարտվի, փոխարինելու կգա կարանտինը։ Հինգ ամիս երկարաձգված արտակարգ դրությունն իր հետ բերեց ազատ տեղաշարժի, տնտեսական գործունեության և այլ սահմանափակումներ, դրանք էլ տնտեսական խնդիրների հանգեցրին: Covid-ից ամենաշատը տուժած ոլորտները մինչ օրս ոտքի կանգնել չեն կարողանում։
Վեց ամիս անսովոր կյանքով ապրած հայաստանցիներից ոմանք աշխատանքը կորցրին, շատերն անցան աշխատանքի հեռավար ռեժիմի, ոմանց առօրյան էլ մեծ հաշվով չփոխվեց։
Երևանի փողոցներում «Ազատությունն» այսօր հարցում անցկացրեց պարզելու համար, թե ինչ դժվարություններ առաջացրեց հարյուրավոր կյանքեր խլած կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:
«Պարզ չի՞ որ վատ անցկացրեցինք, ամեն ինչով էլ տուժել ենք», - ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Դժվարություններ շատ եղան, բայց փորձել եմ պահել արտակարգ դրության կանոնները, որպեսզի իրավիճակը ավելի մեղմվի, աշխատանքից դուրս եմ եկել, ուրիշ աշխատանքի եմ անցել»:
«Ֆինանսական դժվարություններ մի քիչ կային, բայց հաղթահարեցինք», - նշեց մեկ այլ քաղաքացի:
Ըստ իշխանությունների՝ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով սոցիալական ճգնաժամ այժմ չկա, այս տարի աշխատատեղերն ավելացել են, միջին աշխատավարձն էլ բարձրացել։ Հակաճգնաժամային միջոցառումներով պետությունը մինչ օրս 163,4 միլիարդ դրամ կամ ավելի քան 330 միլիոն ամերիկյան դոլար է ներարկել տնտեսություն։
Որոշ երևանցիներ էլ իշխանությունների աջակցությանը չեն սպասում, ամենակարողի օգտությանն են ապավինում. «Դժգոհ չենք, մեր հույսն Աստծո վրա ա, մարդկության ու իշխանության վրա չի, Աստված պահում ա»:
Ոմանք էլ ասում են՝ իրենք մի կերպ յոլա գնացին. երեխաների համար էր դժվար: Համավարակի և դրանով պայմանավորված արտակարգ դրության տնտեսական հետևանքներից զատ երևանցիները Covid-ի հոգեբանական ազդեցության մասին են նշում:
Այդուհանդերձ ամբողջ աշխարհը տակնուվրա արած կորոնավիրուսին չհավատացողներ դեռ կան:
«Կորոնա չկա, բիզնեսները տուժում են, աշխատելը դժվար է, վերջապես արտակարգ դրությունը կավարտվի և հույս ունեմ, որ տնտեսությունը կրկին կաճի», - Նիդեռլանդներից Հայաստան տեղափոխված հոլանդացի տղամարդը տեղացիների մոտ հոգեբանական խնդիրներ է նկատում, ըստ նրա դրանց պատճառը ֆինանսներն են, նա հայերին կոչ է անում չհուսահատվել:
«Ամեն ինչ լավ կլինի, պոզիտիվ եղեք, մի վախեցեք, դուք ուժեղ մարդիկ եք, Հայաստան», - նշեց նա: