Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իր դեմ քրգործ է նախապատրաստվում, ԱԱԾ-ն չի մեկնաբանում


«Գնալով համառ են դառնում լուրերը, որ այս իշխանությունը որոշել է հատել ադեկվատության սահմանն ու քրեական գործեր հարուցել իմ և իմ որոշ գործընկերների հանդեպ», - հայտարարում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Բարգավաճ Հայաստանի» խոսնակ Իվետա Տոնոյանը հավելում է, թե հունիսի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քրգործում ներգրավելուց հետո իրենց կուսակցության բազմաթիվ անդամներ դարձել են տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալներ: Պատգամավորի գնահատմամբ, դրանք հարուցվում են իշխանության քաղաքական պատվերի շրջանակում. – «Իրավական հիմնավորումները և իրավական հենքը, որպես կանոն, ունենում են հարյուր տոկոսանոց բացակայություն: Այսինքն` այդ քրեական գործերը սարքվում և կարվում են ընդամենը քրեական գործ հարուցելու համար»:

Հարցին, թե արդյոք ստացել են տեղեկություն որևէ քննչական մարմնից պատգամավորներից մեկին առնչվող քրեական գործի մասին, Տոնոյանն արձագանքեց, որ իրենց են հասել են միայն ներքին լուրեր. – «Մեր հեռախոսների շարունակական գաղտնալսումները, մեր դեմ տարատեսակ կոմպրոմատների բացահայտման գործընթացը դարձել է այլևս օրինաչափություն, ինչի համար ես շատ մեծ ցավ եմ ապրում: Որովհետև իսկապես ես կարծում էի, որ նոր Հայաստանում նմանատիպ գործելաոճը պետք է այլևս տեղ չունենար որևէ դեպքում»:

2017-ի խորհդարանական ընտրություններին կաշառք բաժանելու մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանին առնչվող գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի մամուլի կենտրոնից «Ազատության» հարցին, թե արդյոք նոր անձինք ու մանավորապես պատգամավորներ ներգրավվել են, պատասխանեցին, որ հրապարակման ենթակա տեղեկություն չունեն։

Մինչ այդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանն ասում է, որ ընտրակաշառքի գործում այս պահին էական առաջընթաց չկա: Դիմել են Վճռաբեկ դատարան` բեկանելու վերաքննիչի որոշումը։ Առաջին ատյանը նախ մերժել էր Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը, ապա վերաքննիչը մասնակի բեկանել էր առաջինի որոշումը՝ ուղարկելով նոր քննության. – «Վերաքննիչ դատարանի որոշումն էլ պաշտպաններով բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հետ կապված էս պահինի որևէ տեղեկություն չունենք»:

Իր հերթին ԲՀԿ-ի խոսնակն ընդգծում է, որ քրեական գործերն իրենց չեն կանգնեցնելու ու հետ պահելու քաղաքական նախաձեռնություններից, որոնց նպատակ կառավարության 100 տոկոսի փոփոխությունն է. – «Գործընթացը երեք ամիս շարունակվում է, և ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում»:

Իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ մտահոգության մասին ևս բարձրաձայնում է։ Ըստ նրա, իշխող «Իմ քայլը» Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու խնդիր է դրել։ Այդ հանձնաժողովի իմքայլական անդամ Մարիա Կարապետյանն ասում է, որ Նաիրա Զոհրաբյանին ընտրելուց ընդամենը մի քանի ամիս հետո իրենց շարքերում շատ պատգամավորներ հիասթափվել են այդ ընտրությունից։ Այնուամենայնիվ, միևնույնն է, նրան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի աթոռից հեռացնելու հարց իրենց օրակարգում այժմ չկա. – «Մենք մեր առջև խնդիր չենք դրել, այդ հարցը չի քննարկվում, չունենք նման օրակարգ: Տիկին Զոհրաբյանը ընդամենը այդ քաղաքական հետապնդման ձևակերպման բաղադրիչները հարստացնելու նպատակով որոշել է վերհիշել, որ որոշակի պարբերականությամբ իմքայլական պատգամավորներն այս հարցը բարձրացրել են, և հարմար կլինի էս բաղադրիչն էլ դնել, որ քաղաքական հետապնդման իր նարատիվը համոզիչ թվա»:

Կարապետյանը նաև բացառում է, որ ԲՀԿ-ից որևէ պատգամավորի հանդեպ կարող է քաղաքական հետապնդում իրականացվել. – «Բացառում եմ, որ հնարավոր է, որ որևիցե քաղաքական դրդապատճառով, կամ որևիցե քաղաքական ազդակներ լինեն Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատություն իրականացնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG