Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյանը գոհ է վերջին արտակարգ իրավիճակներում փրկարարների աշխատանքից


Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասում է` Արմավիր գյուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» հրդեհի, ապա և պայթյունի ժամանակ ԱԻՆ աշխատակիցները որակյալ աշխատանք են կատարել: Նախարարը գոհ է նաև Երևանի Ռայնիսի փողոցի շենքի փլուզման ժամանակ փրկարարների կատարած աշխատանքից:

Պայթյունի պատճառով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի՝ քառահարկ, պանելային շենքում 12 բնակարան է մասամբ փլուզվել։ Իսկ կոնյակի գործարանում 30 տոննա տարողությամբ ապակեպատ տարրան՝ ռեզերվուարն էր պայթել, ինչն էլ հրդեհի էր հանգեցրել։ Երկու դեպքում էլ զոհեր կային:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրը նախարար Ֆելիքս Ցոլակյանն է:

«Պռոշյանի» գործարանի հրդեհը կարող էր տարածվել մյուս ցիստեռների վրա, հրշեջների աշխատանքի որակով կատարելու արդյունքում կարողացանք խուսափել տարածումից: Ժամանակին հասել են և կարողացել են կանխել ավելի մեծ աղետը, քան եղել է, բայց ցավոք սրտի չկարողացանք առանց զոհերի պրծնել, - ասաց նա` շարունակելով, - եթե «Պռոշյանի» պարագայում ամբողջությամբ կատարելու հնարավորությունը կար, ապա շենքի դեպքում հնարավորությունները շատ սուղ էին, քանի որ մոտենալու, տեխնիկայի մոտենալու հնարավորությունները շատ քիչ էին: Փրկարարները գերազանց աշխատանք կատարեցին այնտեղ, և ես գոհ եմ իրենց աշխատանքից»:

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց` փրկարարները աշխատանքներ են կատարել նաև տավուշյան մարտերի ժամանակ. - «Տավուշում կրակների տակ հրդեհ էին հանգցնում հրշեջները»:

Ինչ վերաբերում է Covid-19-ի դեմ պայքարին, մասնավորապես քննադատություններին, թե կառավարությունն ավելի արդյունավետ կարող էր պայքարել համաճարակի դեմ, եթե հակահամաճարակային կանոնների պահպանմանը ամենայն խստությամբ հետևեին, նախարարն արձագանքում է, թե եթե-ներով հեշտ է խոսել և մեղավորներ փնտրել, և որ ոչ մեկը չի կարող ասել` ինչ պիտի լիներ, և ինչ կտար դա. - «Մեր նախարարության մասով եմ ուզում ասել, մենք առաջին օրվանից լծվել ենք այդ գործին, արտերկրից Երևան ժամանողներին ԱԻՆ աշխատակիցներն են մեքենաներով տեղափոխել, վարակազերծում կատարել: 140 հազար ախտահանում է կատարվել ԱԻՆ-ի կողմից, մենք հասանք նրան, որ չթողեցինք, որ ներսում տարածում լիներ»:

Իսկ որքանո՞վ ենք պատրաստ աղետներին, այս հարցին պատասխանելով արտակարգ իրավիճակների նախարարը հիշեցրեց, թե ինչ խնդիրներ ունի կառույցը. - «Պրոբլեմները շատ են, բազմատեսակ ու բազմաբնույթ: Հիմնականը տեխնիկական միջոցների առկայության պակասն է: Երևանն ունի 12 փրկարարական ջոկատ, Երևանում առնվազն 21 փրկարարական ջոկատ պետք է լիներ, ինչո՞ւ, որովհետև այսօր գոյություն ունեցող խցանումների պարագայում մեր մեքենաները շատ դժվարությամբ են հասնում դեպքի վայր: Եթե գիշերն ենք ունենում դեպք, ինչ-որ տեղ հանգիստ ենք, որովհետև շուտ հասնում ենք, իսկ ցերեկվա ժամերին մեզ համար դժվար է: Եթե մենք ունենանք մեծ ցանց, ասենք 21 ջոկատ, այդ դեպքում դեպքի վայրերին ավելի մոտ են լինում ու ավելի շուտ են կարողանում հասնել: Մենք չունենք բավականին քանակությամբ հրշեջ մեքենաներ, որոնք մեզ անհրաժեշտ են, չունենք նաև ավտոսանդուղքներ, որոնք օգտագործվում են բարձրահարկ շենքերի համար, մենք ունենք բարձր սանդուղքներ Երևանում, բայց բարձրահարկ շենքերի համար այն ապահովվածությունը չունենք, որ պետք է ունենանք: Չունենք նաև օդային տրանսպորտ: Սրա հարցով զբաղվում ենք, վարչապետի հետ պայմանավորվածություններ կան, կարող է սրա հարցը լուծվի ինչ-որ ձևով:

Ես տեսել եմ, թե ոնց են հրշեջները հանգցնում կրակը, երբ որ ջրի խողովակը մի քանի տեղից ծակվել է, նորից կպցնում են, փառք Աստծո, այդ հարցերը լուծվում են: Մենք չենք ունեցել ձեռքի համապատասխան գործիքներ, որոնք անցյալ տարի կառավարության տված փողով կարողացանք ձեռք բերել: Մի խոսքով, եթե մենք այս ամեն ինչը ունենանք: Պատրաստվածության տեսակետից բավականին պատրաստակամ անձնակազմ ունենք: Կա համաշխարհային դասակարգումով ջակատ ունենք մենք, որը մտնում է ամենաբարձր որակ ունեցող ջոկատների կազմում, որի քննությունն ընդունում են արտասահմանից եկած մասնագետները: Մենք ունենք հատուկ ջոկատներ, որոնք պատրաստված են հատուկ դեպքերի համար: Մեր ամենակարևոր հարցերից մեկն այսօր նաև քաղաքաշինական նորմերի պահպանման խնդիրն է, որը Երևանում, մեծ քաղաքներում ինչ-որ տեղ չի պաշտպանվել, չի պաշտպանվել ժամանակին: Այսինքն` ես ինչո՞ւ ասեցի շենքին մոտենալու հնարավորությունները քիչ էին, եթե մոտենալու հնարավորությունը քիչ է, ուրեմն շատ տեխնիկա չի կարող մոտենալ, եթե չի կարող մոտենալ, ուրեմն մեքենայով չես կարող կրակը հանգցնել: Բենզալցակայաններ, գազալցակայաններ կառուցվել են ժամանակին, կառուցվել են նորմերը խախտելով` շենքերին մոտիկ, թաղամասերի ներսում, որը մեծ վտանգ է, չհաշված որ մենք ունենք նաև վտանգավոր քիմիական և այլ թափոններ, նյութեր, որոնց հետ կապված աշխատանք այսօր կազմակերպվում է, բայց վերջնական արդյունքը դեռ չունենք: Մեզ վերջնական արդյունքն է հետաքրքրում, որ կարողանանք վերջնական ձերբազատվել այն ամեն ինչից, որ տասնյակ տարիներով մնացել է, այսօր այդ եղածը մեծ վտանգ է մեզ համար:

Անտառների հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ անտառներում ճանապարհներ չունենք, տեխնիկային հասցնելու խնդիր կա»:

Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասում էր, որ Դուք եք երաշխավորել, որ ժամանակին նա դառնա ԱԱԾ աշխատակից, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. - «Շատերը հարցնում են` Դուք երաշխավորե՞լ եք Ազգային անվտանգության տնօրեն նշանակելու համար, ես ասում եմ` չէ, առաջին մասը ճիշտ է, երկրորդ մասը սխալ է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG