Մատչելիության հղումներ

Պայթյուն Երևանի Ռայնիսի փողոցում. շենքը մասնակի փլուզվել է, առնվազն մեկ մարդ զոհվել է, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԼՐԱՑՎԱԾ


Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, առնվազն մեկ մարդ զոհվել է, երկու մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ժամը 7:18 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողա-փրկարարական աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:

Ժամը 13։01 փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։

Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության երեք ավտոմեքենա և, անհրաժեշտության դեպքում, տեղում բուժօգնություն ցուցաբերում քաղաքացիներին:

Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։

Դեպքի վայրում են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

XS
SM
MD
LG