Մատչելիության հղումներ

Մերկելը պնդում է՝ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես գալիս ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ, Բեռլին, 2-ը սեպտեմբերի, 2020թ.
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես գալիս ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ, Բեռլին, 2-ը սեպտեմբերի, 2020թ.

«Նավալնիին ցանկացել են ստիպել լռել: Աշխարհը սպասում է Մոսկվայի պարզաբանումներին։ Ռուսաստանյան առաջատար ընդդիմադիր գործչի դեմ հանցագործությունն ուղղված է հիմնարար արժեքներին և իրավունքներին, որոնք Գերմանիան առաջ է մղում», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջական վիճակի վերաբերյալ գերմանացի մասնագետների եզրահանգումների հրապարակումից հետո։ Սպանության փորձ՝ այսպես է նաև բնութագրել Մերկելը Նավալնիի թունավորումը, ընդգծելով՝ «Նովիչոկ» թույնի առկայությունը նրա արյան անալիզներում կասկածի ենթակա չէ։

Բեռլինում ավելի քան տասն օր բուժումը շարունակող ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդի արյունը հետազոտությունների է ենթարկվել նաև Գերմանիայի ռազմական գերատեսչության լաբորատորիայում։ Բունդեսվերի մասնագետները վերահաստատել են՝ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են ռուսաստանյան «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով: Նույն այդ նյարդապարալիտիկ նյութով, հիշեցնենք, 2018 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում թունավորել էին ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային։ Այդ հարձակումը հարուցել էր միջազգային հանրության կոշտ արձագանքը։

Արևմտյան երկրներն այսօր էլ միաբերան պնդում են՝ նոր պատժամիջոցները չեն ուշանա Ռուսաստանի դեմ, որտեղ Նավալնիի թունավորումից երկու շաբաթ անց էլ չեն շտապում քրեական գործ հարուցել մեղավորներին հայտնաբերելու համար: Ավելին, Կրեմլը շարունակաբար հայտարարում է, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե նրան թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։

«Նյարդապարալիտիկ նյութի օգտագործումը նշանակում է, որ ռուսաստանյան իշխանությունների կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննությունը ծայրաստիճան անհետաձգելի է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ խստորեն դատապարտելով, իր խոսքերով, ցնցող թունավորումը:

Նա նաև շեշտել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը քիմիական զենքի ցանկացած կիրառում դիտարկում է որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

«Եվրամիությունն ամենակոշտ կերպով դատապարտում է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը», - իր հերթին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` հիշեցնելով, որ քիմիական զենքի օգտագործումը ցանկացած պարագայում միանգամայն անընդունելի է և միջազգային իրավունքի խախտում։

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։

Թեև Անգելա Մերկելն ուղղակի չի նշել, այդուհանդերձ, արևմտյան առաջնորդներն այժմ կասկած չունեն՝ թունավորման ապացույցները տանում են Մոսկվա և դրա գաղտնի լրտեսական գործակալություններ, ինչպես նաև անձամբ Վլադիմիր Պուտինի դուռը, գրում է «Գարդիան» բրիտանական պարբերականը, որն անցյալ երկու տարիներին մի շարք հետաքննություններ է հեղինակել Սոլսբերիում տեղի ունեցած հարձակմանը ռուսաստանյան իշխանությունների մասնակցության հետ կապված:

Հեղինակավոր պարբերականը նշում է, որ որոշ թունավոր նյութեր կարելի է անարգել գնել դեղատներում, բայց ոչ «Նովիչոկ»-ը, որը ռուսաստանյան գիտնականները ստեղծել են «սառը պատերազմի» տարիներին փակ լաբորատորիաներում, և դրա մենաշնորհը բացառապես Ռուսաստանինն է: «Դա Ռուսաստանի այցեքարտն է՝ ոչ թե պարզապես ակնարկի, այլ՝ վառվռուն ցուցապաստառի տեսքով», - եզրափակում է «Գարդիան»-ը:

XS
SM
MD
LG