Մակրոն. «Քաղաքական գործընթացը սկսվել է»
Հարյուր հազարավոր հայերի համար հարազատ դարձած Լիբանանն այսօր նշում է պետականության հարյուրամյակը:
1920 թվականին ճիշտ սեպտեմբերի 1-ին է ստեղծվել Dawlat Lubnān al-Kabīr-ը՝ «Մեծ Լիբանանի պետությունը», որն այսօրվա Լիբանանի Հանրապետության նախահայրն է:
Բնավ այսպիսի հարյուրամյակի մասին չեն երազել Լիբանանում՝ ուրախ հոբելյանի փոխարեն աղքատություն, սոցիալական ու տնտեսական ծանրագույն ճգնաժամ, գրեթե զրոյական վստահություն իշխանության նկատմամբ, քաղաքական քաոս և օգոստոսի 4-ի պայթյունից հետո՝ աներևակայելի հուսահատություն:
Եվ այդունահդերձ միջազգային համայնքը փորձում է օգնել այդ երբեմնի կենսախինդ ու հարուստ երկրին: Իր ուժերի սահմաններում եղբայրական Լիբանանին սատարում է նաև Հայաստանը:
Պայթյունից հետո հզոր տերություններից առաջինն օգնության է հասել Ֆրանսիան: Հիշեցնենք, որ ամոնիումի նիտրատի պայթյունից հետո նախագահ Էմանյուել Մակրոնը մեկնել էր Լիբանան, որտեղ երկրի ղեկավարների և շարքային բնակիչների հետ զրույցներում կոչ էր արել իրականացնել քաղաքական արմատական բարեփոխումներ և նախաձեռնել կոռուպցիայի դեմ վճռական պայքար:
Երեկ Լիբանանում նոր վարչապետի պաշտոնում են առաջադրել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին:
Երեկ Մակրոնը նորից մեկնել է Բեյրութ: Նա ասել է, թե իր տպավորությամբ` քաղաքական գործընթացը մեկնարկել է: «Արդեն հայտնի է նոր վարչապետի անունը, ես չպետք է տամ իմ գնահատականը կամ օրհնեմ, այդ իրավունքը վերապահված է բացառապես Լիբանանի ժողովրդին: Անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, իմ կողմից կարող եմ վստահեցնել՝ եթե դրանք իրականացվեն, միջազգային համայնքն ու, իհարկե, նախևառաջ Ֆրանսիան ըստ ամենայնի կաջակցեն Լիբանանին և Լիբանանի ժողովրդին»,- ասել է Մակրոնը:
Լիբանանի նախագահ Միշել Աունն առաջարկում է ամբողջությամբ փոխել գոյություն ունեցող համակարգը, հռչակել աշխարհիկ երկիր և հրաժարվել միջհամայնքային փոխհամաձայնության հայեցակարգից:
Ըստ տասնամյակներ առաջ ընդունված քաղաքական պայմանավորվածության` Լիբանանում նախագահի պաշտոնը ստանձնում է մարոնիտ քրիստոնյան, վարչապետ է նշանակվում սունի մահմեդականը, խորհրդարանի նախագահ է ընտրվում շիա մահմեդականը:
«Հայ համայնքը միշտ ներկայացված է կառավարության մեջ»
Ինչպիսին կլինի հայ համայնքի արձագանքը: Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի լիբանանյան լուրերի բաժնի ղեկավար Արշալույս Բալյանի փոխանցմամբ, այդ նոր առաջարկը դեռ պետք է քննարկվի, դժվար է ասել, թե երբ և ինչ ձևաչափով այն կհաջողվի իրագործել:
Լիբանանը համայնքների երկիր է, և հայ համայնքը՝ որպես Լիբանանի 7 գլխավոր համայնքներից մեկը, միշտ ներկայացված է կառավարության մեջ: Նախագահ Աունի առաջարկի իրագործումը կազդի բոլոր համայնքների վրա՝ դրուզների, ուղղափառ հույների, հայերի, մահմեդականների:
«Լիբանանի քաղաքական-վարչական կառուցվածքը համայնքային է, հետևաբար, եթե «նոր Լիբանան» ունենանք, ապա այն «նոր» կլինի բոլորի համար»,- ասել է Արշալույս Բաբայանը:
Նավահանգստի պայթյունն ավերիչ էր ամբողջ մայրաքաղաքի, այդ թվում` հայաշատ թաղամասերի համար: Ինչպիսի՞ վիճակում են հայերը:
«Ազդակի» աշխատակցի փոխանցմամբ, հայ համայնքը շատ կազմակերպված է, վթարից հետո գնահատվել է կորստի ծավալը: Բնակարաններ կորցրած ընտանիքներին տեղափոխել են ժամանակավոր ապահով կացարաններ, սակայն, իհարկե, ընդհանուր կացությունը դժվար է:
«Կուսակցությունների, միությունների կարողությունները որոշակի սահմաններում են, պետության կարողություն չեն, բայց բոլոր դեպքերում արվել է առավելագույնը յուրաքանչյուրին օգնության հասնելու համար»,- ասել է «Ազդակ» օրաթերթի լիբանանյան լուրերի բաժնի ղեկավար Արշալույս Բալյանը:
Մակրոնի այցը շարունակվում է, առաջիկայում Լիբանանի բոլոր քաղաքական կառույցները և բոլոր համայնքները կսկսեն քննարկել սահմանադրական արմատական փոփոխություններ ենթադրող առաջարկները: