Մատչելիության հղումներ

Լիբանանը կարող է դառնալ աշխարհիկ պետություն


Լիբանան, Բեյրութը պայթյունից հետո
Լիբանան, Բեյրութը պայթյունից հետո

Անվերջանալի քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի պայմաններում ապրող Լիբանանը դարակազմիկ փոփոխությունների շեմին է: Երկիրը ողբալի վիճակում պատրաստվում է նշել հիմնադրման հարյուրամյակը: Դժբախտությունների գագաթնակետը հայաշատ Բեյրութի նավահանգստի պայթյունն էր, որը ոչնչացրել է մայրաքաղաքի կենտրոնի զգալի մասը: Այդ ողբերգությունից հետո մարդասիրական օգնություն ցուցաբերած առաջին երկրներից մեկը Ֆրանսիան էր, որը Լիբանանի հետ պատմական սերտ կապեր ունի:

Նախագահ Էմանյուել Մակրոնը մեկնել էր Լիբանան, որտեղ խոսել էր ոչ միայն անհապաղ աջակցություն տրամադրելու, այլև քաղաքական արմատական բարեփոխումներ իրականացնելու և համատարած կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Այսօր նա նորից կայցելի Բեյրութ:

Լիբանանի կառավարությունը փոխվում է, վարչապետի պաշտոնը կստանձնի Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը: «Ապագայի շարժում» իշխող կուսակցության լիդեր, նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին երեկ է վարչապետի պաշտոնում առաջադրել Ադիբին. - «Ես դեսպան Մուստաֆա Ադիբին առաջադրում եմ վարչապետ, նա պետք է կազմի նոր կառավարությունը, դրա մասին նախօրեին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախկին վարչապետի հետ»,- ասել է Հարիրին, որի ղեկավարած կուսակցությունը Լիբանանի սունի մահմեդականներին է ներկայացնում:

Իրանի աջակցությունը վայելող Հըզբոլահը, որի լիդերը Հասան Նասրալահն է, և Լիբանանի դրուզների ճամբարի լիդեր Վալիդ Ջումբլատի ղեկավարած առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը հավանություն են տվել Գերմանիայում դեսպանին վարչապետի պաշտոնը վստահելու առաջարկին:

Լիբանանում բավական բարդ քաղաքական համակարգ է, որի հիմքում միջկրոնական համաձայնության գաղափարն է: Ըստ տասնամյակներ առաջ հաստատված ավանդույթի, երկրի նախագահը պետք է քրիստոնյա լինի, վարչապետը՝ սունի մահմեդական, իսկ խորհրդարանի խոսնակը՝ շիա մահմեդական: Այդ հայեցակարգը թվում էր, թե պետք է համերաշխություն ապահովեր, սակայն գործնականում արդյունավետ չէր, քանի որ անկախ Լիբանանի պատմության ընթացքում հաճախ են տեղի ունեցել միջկրոնական բախումներ և լայնածավալ քաղաքացիական պատերազմներ: Բացի այդ, Լիբանանի ներքաղաքական զարգացումները հնարավոր չէ դուրս հանել Մերձավոր Արևելքի ընդհանուր բարդ ենթատեքստից, քանի որ թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմներն ուղղակի առնչություն ունեն արաբ-իսրայելյան առճակատման, Սիրիայի և Իրանի գործոնների, ինչպես նաև գերտերությունների մրցակցության հետ: Հիմա Լիբանանի նախագահն առաջարկում է հրաժարվել միջկրոնական համաձայնության հայեցակարգից և Լիբանանը դարձնել դասական իմաստով աշխարհիկ պետություն:

«Հայրենակիցնե՛ր, մենք պատրաստվում ենք մեր երկրի հարյուրամյակին, և ես ցանկանում եմ հստակ ու անկեղծ խոսել»,- դիմելով լիբանանցիներին` ասել է նախագահ Միշել Աունը: Նրա փոխանցմամբ, նոր սերունդը պահանջում է բարեփոխումներ, նոր ժամանակները պահանջում են հրաժարվել միջկրոնական եղանակով իշխանությունը ձևավորելու սկզբունքից: «Արդյոք մենք պետք է լսենք մեր երիտասարդներին, այո, պարտավոր ենք լսել», - ասել է նախագահը:

1920 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայի աջակցությամբ հռչակվեց Մեծ Լիբանանի պետություն անվամբ կազմավորումը: Ի դեպ, Մեծ Լիբանանի պետությունում ճանաչվել է չորս լեզու՝ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն: 1926-ին այն անվանել են Լիբանանի Հանրապետություն: Մինչև 1943-ն այդ տարածքը Ֆրանսիայի մանդատի տակ էր, ապա հռչակվեց անկախություն:

Լիբանանն այնուամենայնիվ պահպանեց շատ ամուր կապեր Փարիզի հետ: Երկրորդ աշխարհամարտից հետո Լիբանանն արձանագրեց տնտեսական, սոցիալական և մշակութային շատ լուրջ զարգացում, սակայն տարածաշրջանային գործընթացների ու հատկապես պաղեստինա-իսրայելյան ավերիչ առճակատման արդյունքում «Միջերկրականի Փարիզի» ու «Մերձավոր Արևելքի Շվեյցարիայի» համարում ունեցող Բեյրութն ու Լիբանանը հայտնվեցին անտանելի վիճակում, և ամոնիումի նիտրատի պայթյունն էլ, կարծես, հսկողական կրակոցը դարձավ:

«2020-ի սեպտեմբերի 1-ը 1920-ի սեպտեմբերի 1-ի շարունակությունն է, ես համոզված եմ, որ միայն աշխարհիկ պետությունը կապահովի բազմազանություն, անվտանգություն և իրական միասնություն: Ես կոչ եմ անում Լիբանանը հռչակել աշխարհիկ, և քաղաքական ու հոգևոր լիդերներին հորդորում եմ երկխոսություն սկսել, հասնել համաձայնության, որը կվերածվի սահմանադրական անհրաժեշտ փոփոխության»,- ասել է Լիբանանի նախագահ Աունը:

Նախօրեին Ֆրանսիան հսկայական բեռնատար ուղղաթիռով մարդասիրական օգնության հերթական բաժինն է ուղարկել Լիբանան: Նախագահ Մակրոնն այսօր երեկոյան է ժամանելու: Լիբանանի համար այդչափ կարևոր քաղաքական քննարկումները տեղի կունենան վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG