Մատչելիության հղումներ

Միջերկրականի արևելյան հատվածում հույն-թուրքական լարվածությունը չի նվազում


Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել։ Շաբաթ օրը էներգակիրներով հարուստ այս շրջանում ավարտվեցին Հունաստանի զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները, կիրակի օրն արդեն նույն շրջանում մեկնարկեցին թուրքական բանակի հերթական զորախաղերը։ Դրանց հիմնական մասը ընթանալու է Կիպրոսի ափերի մոտ՝ շարունակվելով շուրջ երկու շաբաթ։

Այս զորավարժությունների սկիզբը համընկավ Թուրքիայում նշվող կարևորագույն տոներից մեկի՝ Հաղթանակի օրվա հետ։ Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշում էին Անկախության պատերազմում Հունաստանի հանդեպ տարած հաղթանակի 98-ամյակը։

Այս տոնակատարությունները Թուրքիայի ղեկավարության համար Հունաստանի և դրա դաշնակիցների` նախ և առաջ Փարիզի հասցեին նոր սպառնալիքներ հնչեցնելու թերևս ամենահարմար առիթն էին։

«Արդյոք հույն ժողովուրդը կհանդուրժի այն, ինչ տեղի է ունենալու իր հավակնոտ և ոչ կոմպետենտ առաջնորդների պատճառով։ Արդյոք ֆրանսիացիները տեղյակ են, թե ինչ գին են վճարելու իրենց հավակնոտ և ոչ կոմպետենտ ղեկավարների պատճառով», - դիմելով Անկարայում` Քեմալ Աթաթուրքի դամբարանի առջև կազմակերպված ռազմական շքերթի մասնակիցներին` երեկ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անկարայի և Աթենքի միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Մի քանի տարի առաջ այստեղ գազի մեծ պաշարներ էին հայտնաբերվել, որոնց արդյունահանման իրավունքը վիճարկում են մի կողմից Հունաստանն ու Կիպրոսը, մյուս կողմից՝ Թուրքիան։ Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը հետևողականորեն մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում։

Թուրքիան Միջերկրականի այս շրջան է ուղարկել երկրաբանական և սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis հետազոտական նավը՝ մոտ մեկ տասնյակ ռազմանավերի ուղեկցությամբ։ Հունաստանն ու Կիպրոսը դրան ի պատասխան օգոստոսին Ֆրանսիայի հետ համատեղ ծովային զորախաղեր կազմակերպեցին։ Դրան էլ զուգահեռ Հունաստանը սկսել է մեծացնել իր ռազմական ներկայությունը թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիներում։

Այսպես շաբաթ օրը լրատվական գործակալությունները լուսանկարներ տարածեցին, որոնցում հստակ երևում էր, թե ինչպես են հույն զինվորականներին մարդատար լաստանավերով զբոսաշրջիկների հետ միասին տեղափոխում Թուրքիայի ափից ընդամենը երկուսուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կաստելորիզո կղզի։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ հունական կղզիների ռազմականացումը հակասում է 1923 թվականին կնքված Լոզանի և 1947-ի Փարիզի համաձայնագրերի դրույթներին։ Թուրքիայի իշխող կուսակցությունը Հունաստանի այդ գործողությունները անգամ «ծովահենություն» է որակել։

ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարները լուրջ մտավախություններ ունեն, որ ծովային այս վեճը կարող է Թուրքիայի և Հունաստանի միջև իրական ռազմական բախման հանգեցնել։ Դատելով Թուրքիայի նախագահի երեկվա հայտարարություններից` իրադարձությունների նման զարգացումը չեն բացառում նաև Անկարայում։

«Ցանկացած ոք, որ մեզ հետ կբախվի ծովում, ցամաքում, օդում, կհամոզվի, թե որքան հաստատակամ ենք մենք Թուրքիայի՝ միջազգային իրավունքի նորմերից բխող հնարավորություններն ու շահերը պաշտպանելու հարցում», - հայտարարում էր Էրդողանը։

Այս հայտարարությունների ֆոնին պատահական չէ, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում հույն և թուրք զինվորականների միջև առաջին միջադեպերն են արձանագրվում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանգստյան օրերին մի տեսագրություն տարածեց` պնդելով, որ դրանում պատկերված է այն պահը, երբ թուրք օդաչուներին հաջողվել է կանխել հունական F-16 կործանիչների մուտքը վիճահարույց գոտի։ Հունական լրատվամիջոցների պնդմամբ` միջադեպի հրահրողի դերում հանդես են եկել թուրքական օդանավերը, որոնք հետապնդել են հերթապահության ավարտից հետո Կրետե կղզում գտնվող ավիաբազաներից մեկը վերադարձող հունական ինքնաթիռները։

Միջերկրական ծովի արևելյան հատվածում ստեղծված այս պայթյունավտանգ իրավիճակում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները անցած շաբաթավերջին Բեռլինում կայացած հավաքի ժամանակ որոշեցին արագացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթի մշակումը։ Դրա հետ մեկտեղ ԵՄ պաշտոնյաները նշում էին, որ եթե մինչև սեպտեմբերի 24-ը Անկարան միակողմանի գործողությունները Միջերկրական ծովում չդադարեցնի, ապա Բրյուսելը կարող է նաև ճնշման հավելյալ միջոցների դիմել։

«ԵՄ արտգործնախարարները հստակորեն իրենց համերաշխությունն են հայտնել անդամ երկու պետություններին՝ Կիպրոսին և Հունաստանին։ ԵՄ-ն նաև հստակորեն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել ցանկացած տեսակի միակողմանի գործողություն», - այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։

XS
SM
MD
LG