Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա պատարագը այս տարի դռնփակ կանցկացվի: Հաշվի առնելով համավարակի հանգամանքը՝ նման որոշում է կայացվել թուրքական պատկան մարմինների հետ խորհրդակցության արդյունքում:
Ավանդաբար սեպտեմբեր ամսվա առաջին կամ երկրորդ կիրակին մատուցվող պատարագը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Խաչվերացի տաղավար տոնի Բարեկենդանի կիրակի օրը՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանի գլխավորությամբ: Պատարագին ներկա կգնվեն միայն արարողության մասնակից հոգևոր հայրերը, սուրբ սեղանի սպասավորներն ու դպրաց խումբը, իսկ հավատացյալները միջոցառմանը կարող են հետևել առցանց հեռարձակմամբ:
95 տարի դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, սակայն 2015-2017 թվականներին քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների առնչությամբ Թուրքիայի իշխանությունները պատարագների անցկացումը չէին արտոնել։ Եռամյա ընդմիջումից հետո՝ 2018-ին, եկեղեցում կրկին պատարագ էր տեղի ունեցել։