Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երեք տարվա ընդմիջումից հետո այսօր պատարագ է մատուցվել


Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում երեք տարվա ընդմիջումից հետո այսօր պատարագ է մատուցվել:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի առանորդությամբ պատարագը շուրջ երկու ժամ է տևել:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, արարողությանը մասնակցել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, մի շարք բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև մեծաթիվ հյուրեր Թուրքիայից, Հայաստանից և այլ երկրներից:

Վան քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Եկեղեցու տարածքի փոքրության պատճառով մարդկանց խմբերը հերթով են մտել ներս, մոմեր վառել ու աղոթել:Հայկական Սուրբ Խաչ ուխտի եկած հավատացյալները նաև հաղորդություն են ստացել:

Պատարագից հետո նախարար Էրսոյն ու արքեպիսկոպոս Աթեշյանը խոսքով են հանդես եկել, հետո էլ աղավնիներ բաց թողել երկինք՝ ի նշան խաղաղության ու համերաշխության:

95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատարագ չի անցկացվել:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը իր խոսքում նշել է, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է տարվել, շրջանը արդեն ապահով և խաղաղ է, ինչի մասին վկայում է նաև այսօրվա պատարագն անցկացնելու փաստը:

«Հազար տարի է Անատոլիայում հայերի հետ ընդհանուր պատմություն ու մշակույթ ենք կիսում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և հետագայում շարունակելու ենք հարգել հայերի կրոնական և մշակութային ազատությունները»,-ասել է նախարար Էրսոյը՝ հույս հայտնելով, որ այսուհետ խոչընդոտներ չեն լինի Սուրբ Խաչում պատարագ անցկացնելու համար:

Արամ արքեպիսոկոպոս Աթեշյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին և Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուին, ողջունել պատարագին մասնակցելու եկած բոլոր ներկաներին:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ գավառում գտնվող պատմական Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 մլն լիրա էր ծախսվել: 2007-ին Աղթամարը այցելուների համար բացվել էր որպես թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG