Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ պատարագ մատուցվեց


Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում կիրակի օրը 7֊րդ անգամ պատարագ մատուցվեց։

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին հարյուրավոր մարդիկ էին ներկա Հայաստանից, Սփյուռքից, Թուրքիայի տարբեր քաղաքներից։

«Ուղղակի ֆանտաստիկ, հրաշալի վայր է Աղթամարը, Վանա լիճը՝ տեսարանը, խորհուրդը։ Մանավանդ իմ դեպքում սա յուրահատուկ մի երևույթ է, որովհետև իմ պապերը մկրտվել են հենց Սուրբ Խաչ եկեղեցում և սա ինձ համար ընտանեկան եկեղեցի է», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց պատարագին ներկա հավատացյալներից մեկը։

«Վանա լիճը, Վանի եկեղեցին տեսնելուց հուզմունքս այնքան մեծ էր, որ միայն արցունքով կարողացա արտահայտել», ֊ պատմեց պատարագի մեկ այլ մասնակից։

Թուրքական իրավապահ մարմինները անհրաժեշտ միջոցներ էին ձեռնարկել միջոցառման անվտանգությունն ապահովելու համար, թեև նախորդ տարիների համեմատ Աղթամարը այնքան էլ մարդաշատ չէր։

Պատարագին մասնակցում էին նաև մի շարք թուրք պաշտոնյաներ՝ Վանի նահանգապետ Մեհմետ Էլին Բիլմեզը, Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը, մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային ղեկավար Մուզաֆեր Աքթուղը, Գևաշ շրջանի ղեկավարությունը, ինչպես նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, որի պաշտոնավարման տարիներին վերականգնվել ու վերաբացվել էր Սուրբ Խաչը։

Պատարագի ժամանակ իր խոսքում եպիսկոպոս Մաշալյանը շնորհակալություն հայտնեց թուրքական իշխանություններին նման հնարավորություն ընձեռելու համար։

95 տարի դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերաց տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, սակայն 2015֊ից 2017թթ. ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների առնչությամբ Թուրքիայի իշխանությունները պատարագների անցկացումը չէին արտոնել։ Եռամյա դադարից հետո՝ անցած տարի, եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Սուրբ Խաչի վերականգնման աշխատանքները։ Մոտ 2 տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա էր ծախսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG