Մատչելիության հղումներ

«Ոչ ոք չի գալիս, մեզ տանի». խաշթառակցի երեխաները տուն` տատիկի մոտ են ուզում գնալ


«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում 8 օր անգիտակից, արհեստական շնչառական սարքի տակ ու կոմայի մեջ մնալուց հետո երեկ երեկոյան մահացավ 6-ամյա տղան։ Խաշթառակի իր ընտանիքում նա ծեծվել էր, թե մկնդեղի մեծ դոզա ընդունել, բուժկենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավարը չի կարող ասել, քանի որ ըստ Աննա Չոբանյանի՝ գործ են ունեցել հետևանքի՝ գլխուղեղի մեծ արյան զեղման հետ:

«Երկու ֆակտորը մասին կարար լիներ, որովհետև ակնհայտ իջած էր իր արյան մակարդելիությունը», - ասաց Աննա Չոբանյանը:

6-ամյա տղան մոր հետ էր Երևան տեղափոխվել, մայրն էլ թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել են, և նա այժմ Իջևանի բուժկենտրոնում է: Տնօրեն Էդուարդ Գրիգորյանն ասաց՝ դեռ քննարկվում է կնոջը հոգեբուժական հաստատություն տեղափոխելու հարցը, կինը չի գիտակցում, որ կորցրել է որդուն. - «Պսիխոէմոցիոնալ իր կարգավիճակում, ինքը հոգեկան հիվանդ է իրականում, ինքը դժվար է այդ ամեն ինչը կռահում, գիտակցում»»

Մահացած երեխան Սերգեյ պապի անունն էր կրում, հենց պապն էլ կալանավորված է 6-ամյա թոռանը, նաև մյուս թոռներին ձեռքերով, ոտքերով և փայտով ծեծելու մեղադրանքով: Մեղադրանք է առաջադրվել նրա 28-ամյա դստերը՝ նա էլ պարբերաբար ծեծել է եղբոր երկու և իր հինգ երեխաներին, այժմ էլ վեցերորդին է սպասում, դատարանը նրան կալանավորելու միջնորդությունը չի բավարարել։

Ընտանիքի 5 չափահասներից 4-ը հոգեկան առողջության ու զարգացման խնդիրներ ունեն, և նրանց խնամքին կար 7 անչափահաս: Մյուս 6 երեխաներն այժմ ապաքինվում են, բոլորը, բացի ամենափոքրիկից` մեկ տարեկան տղայից, էկզոգեն թունավորման նշաններով են հիվանդանոց տեղափոխվել: Բոլորը մկնդեղ են կերել, «Ազատության» հետ զրույցում հաստատել էին` այո կերել են մկնդեղ և ծեծ, բայց ծեծը ոչ թե պապի կողմից, այլ մոր: 28-ամյա Մարիաննան հակառակն էր պնդում. - «Ես հավատացյալ աղջիկ եմ, ես չեմ կարա էտ երեխեքին ծեծեմ: Մեր Հիսուսի ղովից եմ ես»:

Երեխաներից ավագը համացանցում կարդացել էր, որ եղբայրը մահացել է, առավոտից հոգեկան ծանր վիճակում էր: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկները հոգեբան էին հրավիրել, անօգուտ, տարել էին զբոսանքի, էլի տղան չիէր հանդարտվել. - «Ուզում եմ Սերգոյին տենամ, մահացել ա»:

Սոցապնախարարությունը որոշել է բոլոր երեխաներին տեղափոխել «Մանկան տուն», հավանաբար վաղը: Տղան այնքան սրտնեղած էր, մեկ գյուղ էր ուզում, մեկ` տատիկին, մեկ` ուղղակի դուրս գրվել. - «Դուրս գրվելու ժամանակն է, երկուշաբթի օրը պետք է մեզ դուրս էին գրել, բայց ոչ ոք չի գալիս, մեզ տանի»:

Տան անդամներից միակը, որ հոգեկան առողջության խնդիր չունի, տատիկն է, երեխաները պատմում էին, որ ամենաշատը հենց նրա հետ են կապված:

Տավուշի մարզպետարանից տեղեկանալով երեխաների հոգեկան ծանր վիճակի մասին` կազմակերպեցին, որ տատիկն այսօր Խաշթառակից հասնի Երևան ու իր կարիքն զգացող թոռների կողքին լինի:

«Մկնդեղն էլ չեմ համարում պատահական մի բան, ես երեխաներ ունեմ էստեղ, որ որդ են հանել, կողքից կերել, որովհետև ուրիշ ուտելու բան չեն ունեցել: Գիտեք` էս իրականությունն ա, դառը, դաժան իրականությունը: Բոլոր երկրներում համակարգերը փոխել են, հենց որ այս էսպիսի ողբերգական դեպքեր են եղել: Ես շատ հույս ունեմ, որ վերջապես էս դեպքը ահազանգ կլինի, որ եկեք նայեք` ինչն ա փոխելու, եկեք փոխեք: Էտ հնարավոր ա ախր», - ասում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:

Վերջինս շեշտում է՝ համայնքային խնամակալության մարմնից` մարզպետարանի համապատասխան բաժնից մինչև սոցաշխատողներ, երեխայի պաշտպանության պետական համակարգում մասնակիցները բազմաթիվ են, չկան պատասխանատուներ. - «Մինչև չդարձնենք սա անձնական մասնագիտական պատասխանատվություն, մենք էս դեպքերն ունենալու ենք, պատրաստ եղեք, որ էլի են դեպքեր լինելու»:

Համայնքի խնամակալության հանձնաժողովը, որ ամենամոտն է գտնվում Խաշթառակի միակ խոցելի ընտանիքին, կարող էր ահազանգել, բայց ըստ Միրա Անտոնյանի՝ այս մարմիններն ուղղակի մեռան ապացուցելով, որ ունակ չեն նման մասնագիտական ծանր աշխատանք կատարել. - «Եկեք, էտ միֆից ազտագրվենք վերջապես, որ չի կարելի նման մասնագիտական խորը աշխատանք պահանջող գործերը փոխանցել կամ ակնկալել, որ հասարակական հիմունքով մի 2 կամավոր կլուծեն այդ հարցը, երբեք»:

Միրա Անտոնյանը շեշտում է՝ եղած համակարգով էլ հնարավոր էր այնպես անել, որ այդ ողբերգությունը տեղի չունենար: Միևնույն ժամանակ ասում է՝ պետությունն առայժմ յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան ծառայություններ չունի: Զարգացած երկրներում վաղուց գործում են այսպես կոչված «պատրոնաժ» ծառայություններ դժվար վիճակում գտնվող ընտանիքների համար. - «Պետությունը նշանակի մարդ, վճարի, ասի` այ աչքի լույսի նման էս ընտանիք ամեն օր մտի, բորշ եփել սովորեցրու, հետևի, որ ճիշտ բյուջեն կառավարի, հետևի, որ երեխաները խնամված լինեն, գլխին կագնի, ասա` լվացվի, լողացրու»: Ընդ որում, շեշտում է` երեխայի պաշտպանության լավագույն համակարգերում երեխայի համար վնասակար ընտանիքից երեխային հեռացնելը այնքան բարդ չէ, որքան այստեղ՝ Հայաստանում, եթե ծնողը չի ցանկանում, անպայման դատարանի որոշում է պետք: Ինչ վերաբերում է այս օրերին դառը լուտանքներ ստացող խաշթառակցի մեծահասակներին, փորձագետ Անտոնյանը շեշտում է՝ եթե նրանք հոգեկան առողջության խնդիր ունեն ու ագրեսիվությունը երեխաների վրա են լցնում, նրանց հանգստացնել էր պետք. - «Մարդը պիտի ստանար բուժում ու չի ստացել»:

XS
SM
MD
LG