Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազման միտումը կանգ է առել. Արսեն Թորոսյան


Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազման միտումը կանգ է առել, այսօր կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանը կարծում է, որ կտրուկ անկումներ դժվար լինեն, իրավիճակը շարունակում է կայուն մնալ։

«Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ընդհանրապես ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի», - նշեց Թորոսյանը:

Կայունությունը հարաբերական է, արձագանքեց վարչապետը: Այն ցանկացած րոպե կարող է վերափոխվել անկայունության։ Փաշինյանն ասաց, որ հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում կորոնավիրուսով վարակվածների թվերի նախընթաց անկմանը։

«Միջին օրական թվերն ավելի քան կրկնակի հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, մենք արագ կվերադառնանք էլի հուլիսյան իրավիճակին», - ընդգծեց վարչապետը:

Երեկ անցկացված 1993 հետազոտությունից կորոնավիրուս է ախտորոշվել 263 քաղաքացու մոտ։ Առողջապահության նախարարի խոսքով՝ հիմա հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթև ու կառավարելի է։ Ոչ ոք առանց բուժօգնության չի մնա, սակայն քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որ չվարակվեն, ասում է վարչապետը։

«Գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից երկու-երեք մահվան պարտադիր դեպք ենք ունենալու: Այսինքն սա Հայաստանի խնդիր չի, ամբողջ աշխարհում է այդպես», - նշեց նա:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանք գործադրի, որպեսզի դիմակ դնելու կանոնները չպահպանողները պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն կրկին հիշեցրեց, որ կողմնակից է մարդկանց անհատական պատասխանատվությանը, որն, ըստ վարչապետի, ամենաարդյունավետ միջոցն է վարակի դեմ։ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Իմ տպավորությունն այն է, որ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անցած օրը կորոնավիրուսի 3 մահ է գրանցվել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացածներից ամենաերիտասարդը՝ 55, իսկ ամենատարեցը 81 տարեկան էր, նրանք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Գործադիրի այսօրվա նիստում հավանություն տրվեց Ասիկան զարգացման բանկից Հայաստանին 2 միլիոն դոլար դրամաշնորհի տրամադրմանը, այն կուղղվի բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը։

«Հատկապես խոսքը գնում է պաշտպանիչ անձնական միջոցների մասին, վիրուսների տեղափոխման միջավայրի, մանրեաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, բժշկական սարքավորումների և պարագաների մասին», - ասաց առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը նկատեց, որ Ասիական զարգացման բանկն առաջին անգամ չէ, որ օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

XS
SM
MD
LG