Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանի հետ, «թեժ քննարկում է եղել»


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը զրուցում է լրագրողների հետ, 18-ը օգոստոսի, 2020թ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը զրուցում է լրագրողների հետ, 18-ը օգոստոսի, 2020թ.

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանի հետ, ով այժմ Վճռաբեկ դատարանի նախագահն է։ Նրա առաջադրումը օգոստոսի սկզբին որոշ իրավապաշտպանների և իրավաբանների քննադատությանն արժանացավ, հնչեցին կարծիքներ, որ նախկին իշխանությունների կադրն է, տարիներ շարունակ խախտումների վրա աչք է փակել ու Բարձր դատարանում չի կարող լինել։

Ուշագրավ է, որ նմանատիպ, սակայն ավելի կոշտ քննադատություն էր հնչում նաև կառավարության առաջադրած թեկնածուի՝ Վահրամ Ավետիսյանի հասցեին, իրավապաշտպաններն ու ու նախկին քաղբանտարկյալներն էին բողոքում, որ թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, իսկ Ավետիսյանը 2008-ի արյունալի իրադարձություններին հաջորդած քաղաքական վճիռներն է դակել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հանդիպելուց հետո Ավետիսյանը օրերս հրաժարվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու գործընթացից, նպատակահարմար չհամարեց իր հետագա մասնակցությունը՝ պահանջվող 80 ձայնն Ազգային ժողովի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ ստանալը անիրատեսական համարելով։

Արդյոք հնարավոր է, որ Խունդկարյանի դեպքում էլ նմանատիպ սցենար լինի։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. - «Հարցադրման վերջին շեշտադրման մասին խոսեմ, որ պետք է արձանագրենք, որ պարոն Ավետիսյանն է որոշել, որ չի ուզում, որպեսզի Ազգային ժողովը դիտարկի իր թեկնածությունը, կառավարությունը դիտարկի իր թեկնածությունը, և այստեղ մենք անելիք չունենք, այլ թեկնածուն իր որոշումը կայացրել է, և մենք հարգում ենք իր որոշումը և մաղթում ենք նրան իր մասնագիտական գործունեությունում հաջողություններ:

Ինչ վերաբերում է պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին առաջադրվող հարցերին, այնուամենայնիվ այդ հարցերը որքանով ընդհանրություն ունեն, բնականաբար իրավական դաշտում երկուսն էլ գործունեություն են ծավալել, այնուամենայնիվ հարցերը որոշ չափով տարբերվում են: Նորից պետք է ասեմ, որ պատգամավորներն իրենց հուզող բոլոր հարցերը առանց սահմանափակումների ներկայացրել են:

Հնչել են բոլոր այն հարցերը, որոնք հուզել են պատգամավորներին: Նիստը և հանդիպումը փակ է եղել: Եթե պարոն Խունդկարյանը հարկ կհամարի խոսել մանրամասների մասին, ես կառաջարկեմ, որ իրեն հարցադրումներն ուղղեք, «Իմ քայլը» խմբակցությունը ավելի մեկնաբանություններ այդ առնչությամբ չունի»:

«Ազատության» դիտարկմանը, որ այնուամենայնիվ պարզ չդարձավ` Երվանդ Խունդկարյանն ընդունելի թեկնածու է խմբակցության համար, թե ոչ, Լիլիթ Մակունցն արձագանքեց. - «Ես ներկայացրեցի, որ խմբակցությունը, պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց դիրքորոշումը կարտահայտեն»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Լուսինե Բադալյանն ասում է՝ բավական թեժ քննարկում է եղել, սուր հարցերով, որ տեղի է ունենում բոլոր նման փակ հանդիպումների ընթացքում. - «Կարծում եմ, որ այս հանդիպումը մյուս հանդիպումներից էականորեն չէր տարբերվում, և հարցերն էլ ինչպես միշտ սուր էին, պատասխանները` բավարար:

Աղմկահարույց հարցեր ևս եղել են, իհարկե, մասնավորապես կապված թեկնածուի քննած գործերի հետ` լինեն դրանք բնապահապանական տարբեր խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ, թե այլ ուղղակի մասնավոր դեպքերի, նաև Ա1+-ի վերաբերյալ: Այսինքն` բոլոր հարցերն էլ տրվել են: Չեմ կարող ասել, որ պատասխանները շատ սպառիչ են եղել, բայց բավարար սպառիչ կարելի է համարել»:

Հարցին, թե Երվանդ Խունդկարյանի մոտ տեսա՞ն հավակնություն` հետագայում ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու, Լուսինե Բադալյանը պատասխանեց. - «Նույնիսկ այդ հարցն է եղել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին թերագնահատել պետք չէ: Բոլոր այն հարցերը, որոնք կարող են հանրությանը հետաքրքրել, պատկերացրեք, որ մենք բոլոր դեպքերում բոլոր թեկնածուներին, անկախ մեր վերաբերմունքից, տալիս ենք: Ամեն դեպքում ցույց չտվեց այդ հավակնությունները, եթե նույնիսկ կային, և ես դա շատ դրական եմ գնահատում, որովհետև բոլորն էլ կարող են իրենց հոգու խորքում ցանկանալ լինել Սահմանադրական դատարանի նախագահ, բայց ի վերջո Սահմանադրական դատարանի դատավորները պիտի ընտրեն նախագահին: Եվ սա հիմնականում լինում է շատ անկանխատեսելի»:

Երվանդ Խունդկարյանը մամուլին հայտնի դարձավ 2004 թվականին, երբ մերժել էր եթերազրկված Ա1+ հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։ Իսկ 2008-ի հետընտրական արյունալի մարտյան իրադարձություններից հետո Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի դատավոր էր, թեև քրեական գործերի հետ առնություն չի ունեցել։ Վճռաբեկ դատարանի նախագահ և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ Ազգային ժողովում լրագրողները չհանդիպեցին։ Նա արդեն գնացել էր, մինչ լրագրողներին ներս կթողնեին։

XS
SM
MD
LG