Մատչելիության հղումներ

Մոսկվան «թատերական բեմականացում» է որակում ռուսաստանցիների ձերբակալությունը Բելառուսում


ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան «թատերական բեմականացում» է որակում ռուսաստանցիների ձերբակալությունը Բելառուսում. «Մոսկվան մինչև վերջ կպաշտպանի նրանց իրավունքները», - այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Անցած շաբաթավերջին պաշտոնական Մինսկը հայտարարել էր, թե Բելառուսում ռուսական մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության 33 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այսօր նախագահ Լուկաշենկոն պնդել է, թե նրանք ցուցմունք են տվել, «ամեն ինչ պատմել և հաստատել, որ իրենց հատուկ նպատակով հենց Բելառուս էին ուղարկել»։

«Դադարեցրեք ստախոսությունը», - դիմելով ռուսներին՝ այսօր հայտարարել է Բելառուսի նախագահը։ Արտգործնախարարության խոսնակը հակադարձել է՝ Ռուսաստանի քաղաքացիների մեղքը որևէ կերպ չի ապացուցվել։ «Մենք մինչև վերջ կկանգնենք նրանց մեջքին, և դա Մինսկում շատ լավ գիտեն», - Ֆեյսբուքում գրել է Մարիա Զախարովան։

Դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են առաջիկա կիրակի Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Ավելի քան 25 տարի իշխող Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, թե Մոսկվան փորձում է միջամտել այդ քվեարկությանը, և այդ նպատակով էր «վագներովցիներին» Բելառուս ուղարկել»։

XS
SM
MD
LG