Մատչելիության հղումներ

Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար 


Ներկայում Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Թուրքիայի, ինչպես նշեցի, առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր ենք ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն», - ասաց Արմեն Գրիգորյանը:

«Ազատության» հարցին՝ երբ որ խոսում են ռուսական կողմի հետ, ներկայացնում են թուրքական կողմի քայլերը, ի՞նչ պատասխան են ստանում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Բնականաբար, հուլիսյան դեպքերն էլ համընկել են պանդեմիայի հետ և դեռ ավելի լուրջ մակարդակում հնարավորություն չի եղել քննարկելու այս հարցը, բայց օրակարգում են այսպիսի հարցերը, որովհետև դրանք տարածաշրջանի համար մարտահրավերներ են, և այս մարտահրավերներին պետք է կարողանալ ընդհանուր պատասխան տալ»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։

«Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ»: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի: Ադրբեջանը պարբերաբար դա չէր հասկանում և փորձ էր կատարում մեր համբերությունը չափել, և այս առումով, կարծում եմ, լավ դաս եղավ Ադրբեջանի համար, որ չփորձի հետ գա բանակցային գործընթաց, որովհետև վարչապետի կողմից առաջարկված յոթ կետերը կարծում եմ՝ շատ արդյունավետ կետեր են, որպեսզի խաղաղ ճանապարհով մենք փորձենք խնդիրը լուծել, և Ադրբեջանը ճիշտ է հայտարարել է, որ իր համար անընդունելի է, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հետ կգա այդ յոթ կետերին, որովհետև այլընտրանք այդ յոթ կետերին չկա», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Մեր գնահատականներով Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է [ղարաբաղյան] խնդրին ռազմական լուծում տալով ինչ-որ ելքեր գտնել»,- շարունակեց Արմեն Գրիգորյանը, - «Վերջին հուլիսյան դեպքերից հետո ինչո՞ւ է նաև հավանականությունն ավելի մեծանում, որովհետև նավթի գների անկումով Ադրբեջանում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ են ստեղծվել, որի պատճառով տավուշյան դեպքերն են ի հայտ եկել, բայց բացի դրանից, Տավուշում անհաջողություն ունենալով Ալիևը դարձել է անկյուն մղված, ջղային մարդու նման մի կերպար է ձեռք բերել, և մի տեսակ անկանխատեսելի է նաև դարձել Ալիևն իր վարքագծում, որը մտահոգիչ է: Դրա համար է նա հայտարարում, որ վարչապետի առաջարկած յոթ կետերն իրենց համար անընդունելի են, և նա ունի միայն մեկ առաջարկ՝ Զինված ուժերն Արցախից հանելու կամ իրենց տարածքները ազատագրելը: Հարց է առաջանում՝ որտե՞ղ է գրված՝ դա ձեր տարածքներն են, հետո էլ դա նշանակում է, որ Ալիևը, բնականաբար, պարբերաբար փորձելու է սահմանին լարվածություն հրահրել: Ի դեպ, այդ լարվածության հրահրումը կարելի է ասել, հուլիսյան դեպքերն էլ ցույց տվեցին՝ երբ որ ներքին ճգնաժամ է ստեղծվում, նա պարբերաբար սահմանին լարվածություն է ստեղծում»:

XS
SM
MD
LG