Դատավորների ընդհանուր ժողովն այսօր հնարավոր է ընտրի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի իր թեկնածուին։ Կեսօրից մեկնարկած դռնփակ ժողովին 180 դատավոր է մասնակցում:
Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերից մեկը լրացնելու համար Դատավորների ընդհանուր ժողովին երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը, սակայն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանը բացատրում է՝ հնարավոր է նաև նոր առաջադրումներ լինեն։
«Չի բացառվում, որ ինչպես լինեն նոր թեկնածուներ, այնպես էլ թեկանծուները, որոնք եղել են, հրաժարվեն և իրենց թեկնածությունը չդնեն», - ասաց Մակյանը:
ՍԴ դատավորի թափուր տեղի համար դիմումներից մեկը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է ներկայացրել, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Կառավարությունն ավելի վաղ հաստատել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Չնայած դրան, մի շարք իրավապաշտպաններ և Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո ձերբակալված մի քանի տասնյակ մարդիկ կառավարության դիմումով հորդորել են հետ կանչել Ավետիսյանի առաջադրումը, իսկ Ազգային ժողովի պատգամավորներին էլ կոչ են արել դեմ քվեարկել նրա թեկնածությանը։
ՍԴ դատավորի թեկնածուին ընդդիմացողները իրենց պահանջը հիմնավորում են Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությամբ։ Նա 2008-ից 2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, քննել է նաև Մարտի 1-ին առնչվող գործեր։ ՍԴ դատավորի մյուս թեկնածուին էլ նախագահը պետք է առաջադրի։
Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք քաղաքական իշխանությունը որևէ ձև ազդեցություն ունենո՞ւմ է ԲԴԽ-ի կամ դատական իշխանության վրա։
«Իշխանության, իշխանության թևի, կոնկրետ իշխանություն մեջ գտնվող որևէ անձի ազդեցություն, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ զրո է», - պատասխանեց Մակյանը:
ԲԴԽ անդամի կարծիքով՝ վերջին մեկ տարում դատական համակարգը դրական առումով բավականին փոփոխվել է։ Սակայն համոզված է՝ վերջին 30 տարիներին էլ փոփոխություններ տեղի էին ունենում։ Նրա խոսքով՝ համակարգն ամեն օր է դեպի առողջացման ու անկախացման գնում։ Մակյանն ասում է՝ իշխանություններից էլ այդ ազդակները կան։
«Բնականաբար, իշխանությունից ազդակները կան, և դրանք թաքցված չեն, որ դատական իշխանությունը առավել պետք է անկախ լինի իշխանության մյուս թևերից, դատական համակարգն էլ համաքայլ է գնում երկրի զարգացման հետ կապված», - ընդգծեց ԲԴԽ անդամը:
Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն էլ վստահեցնում է՝ իրեն ոչ նախկինները, ոչ էլ ներկայիս իշխանությունները չեն ճնշել։ Իսկ փոփոխություններ նկատո՞ւմ է վերջին 2 տարում, Պապոյանը պատասխանեց. «Իմ համար ոչինչ չի փոխվել, ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել»:
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի հաստատումն է։ Թափուր տեղի համար թեկնածություն են ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանն ու Սուրեն Անտոնյանը։ Վերջինս, սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, բարեվարքության հարցաթերթիկ չի ներկայացրել։