Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայան. Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի


Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան, արխիվ
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան, արխիվ

Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` Արցախը շարունակում է հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից: Այս մասին ասված է Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

ՄԱԿ-ի հռչակագրերում, մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք, շեշտում է Բաբայանը:

«Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը:

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, փոխանցում է Բաբայանը:

Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, որը հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում, «համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ», - նաև ասված է հայտարարությունում:

«Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը», - հայտարարում է Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախն այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի հետ:

XS
SM
MD
LG