Մատչելիության հղումներ

ԱԽ նիստում ներկայացվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը


Վարչապետի գլխավորությամբ այսօր Երևանում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նաև ներկայացվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սերել ենք հայկական լեռնաշխարհում, հայկական թագավարությունների, այդ թվում՝ Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության հետևորդներն ենք, և ընդգծել. «Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է, Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին»։

«Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին», - հայտարարեց վարչապետը:

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան», - շարունակել է Փաշինյանը՝ նշելով. «Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝ հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, Հայոց բանակը, հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը»:

Խոսելով հայ ժողովրդի ազգային նպատակների մասին՝ վարչապետը նախևառաջ նշել է՝ «հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը»:

«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը», - հավելել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ուղերձի հաջորդ ենթավերնագիրը վարչապետը կոչել է «Համակեցության համահայկական կանոններ»։

«1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով, «մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը, Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»:

«Ռազմավարության մեջ Հայաստանի պետության գոյության աղբյուրը և երաշխիքը համարվում է հայ ժողովրդի կամքը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով, որը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում», - եզրափակել է Հայաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG