Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը քննարկում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու հարցը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցն է ի թիվս այլ հարցերի քննարկվում Անվտանգության խորհրդի նիստում, որն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետության տարածքում և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից: <...> Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան»:

Ապա Փաշինյանը խոսել է հայ ժողովրդի ազգային արժեքների մասին, որոնց թվում նշել է, մասնավորապես, հայոց պետականությունը, ՀՀ քաղաքացիությունը, հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, հայոց լեզուն և գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին՝ քրիստոնեությունը, հայկական երաժշտությունը, պարարվեստը, կերպարվեստը, բեմարվեստը, ճարտարապետությունը, հայրենի բնաշխարհը, հայկական խոհանոցը, ինչպես նաև առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ, եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ:

Հայ ժողովրդի ազգային նպատակներն են, ըստ վարչապետի, հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը; Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման; Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը; ՀՀ քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը; օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը; հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը; համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:

«Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է»

«Համակեցության համահայկական կանոններ» ենթավերնագրի տակ Փաշինյանը թվարկել է.

«1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:

2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:

4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:

5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:

6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

«Մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը»

«Մենք և աշխարհը» ենթավերնագրի ներքո վարչապետն իր ուղերձում նշել է. - «Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ»:

«Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով»

Անդրադառնալով այսօր ընդունվելիք Ազգային անվտանգության ռազմավարության տեքստին՝ պետության ղեկավարն ընդգծել է «կարևոր նրբություն». - «Այդ նրբությունը հետևյալն է, որ ռազմավարության մեջ Հայաստանի պետության գոյության աղբյուրը և երաշխիքը համարվում է հայ ժողովրդի կամքը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով: Եվ եթե առարկայական ձևակերպելու լինենք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով հայ ժողովրդի կամք, և ինչպես պետք է այդ կամքն արտահայտվի ամենօրյա իրավիճակներում, իմ ընկալումն այսպիսին է, որ կամքը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն, հնարավորություն ունի իրացնել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ նույնքան նախանձախնդիր լինելով իր պարտականությունների կատարման մեջ, և այս երկու հասկացությունների հատման կետում է, որ գոյանում է այն կամքը, որի վրա իսկապես կարող է հենվել հայոց պետականությունը»:

«Սա կարևոր առանձնահատկություն եմ համարում և կարևոր ընդգծում եմ համարում Ազգային անվտանգության ռազմավարության տեքստի և հայեցակարգի մեջ, որովհետև, ինչպես նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, սովորաբար հայոց պետականության գոյությունը և նաև, ցավոք, հետագայում չգոյությունը՝ մեր պատմության ընթացքի պայմանավորվել է հաճախ աշխարհաքաղաքական հանգամանքների նպաստավոր կամ աննպաստ լինելու հետ: Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ մեր ժողովրդի և պետության ճակատագիրը դուրս բերել այս ցիկլից, երբ աշխարհաքաղաքական գործոններն են դառնում այն առանցքային հանգամանքը, որոնք պայմանավորում են մեր պետության գոյությունը կամ չգոյությունը, և մեր պետությունը պետք է հիմնված լինի մեր ժողովրդի կամքի վրա», - շարունակել է վարչապետը:

«Ըստ էության, Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ: Բայց ես ցանկանում եմ ասել, որ դա ոչ այնքան նշաձող է, ավելի ճիշտ է դա անվանել՝ ծանրաձող, որովհետև դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ և համարժեք պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը, և ես համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, իսկապես պատրաստ ենք այսօր վերցնել այդ պատասխանատվությունը: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք՝ որպես կառավարություն, որպես Անվտանգության խորհուրդ, այս պատրաստակամությունը ձևակերպել և ունենք մանդատ մեր ժողովրդից՝ ձևակերպել այդ պատրաստակամությունը և այդ պատրաստակամության իրացումը դարձնել մեր ամենօրյա աշխատանք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը հրապարակվել է, այն կարելի է կարդալ այս հղումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG