Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունները դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին հակասող բռնության դրսևորումները։
Երկու երկրներում ԱՄՆ դեսպանատներն այսօր հայտարարություն են տարածել, ընդգծելով՝ Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերվում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը։
«Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից», - զգուշացրել է Վաշինգտոնը՝ կոչ անելով բոլոր ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն։
Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին թե՛ արտասահմանում գտնվող հայերը, թե՛ ադրբեջանցիները բռնություններով ու այլ միջադեպերով ուղեկցվող բողոքի գործողություններ էին իրականացնում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների առջև, կան տուժածներ ու բերման ենթարկվածներ: Աշխարհի այլ քաղաքների թվում բախումներ են եղել նաև հայաշատ Լոս Անջելեսում: