Նախօրեին հայտնի է դարձել, որ լուրջ վնասվածքներով Մալթայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա-Գալիցիայի սպանության գործի առանցքային վկան՝ Մելվին Թեուման։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Թեուման հիվանդանոց է տեղափոխվել իրանի և պարանոցի շրջանում բազմաթիվ կտրվածքներով, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
Հետաքննության ընթացքում Թեուման խոստովանել էր, որ Կարուանա-Գալիցիայի սպանությանը նախորդող շրջանում միջնորդի դեր է կատարել հանցագործության անմիջական հեղինակների և պատվիրատուների միջև։ Խոստովանական ցուցմունքների դիմաց Մալթայի նախագահը Թեումային ներում էր շնորհել։ Ակնկալվում էր, որ նա Վալետայի քաղաքային դատարանում մանրամասն ցուցմունքներով պետք է հանդես գար երեկ։
Մալթայի ոստիկանությունը հայտարարել է, որ Թեումայի վնասվածքների ամենահավանական պատճառը ինքնասպանության փորձն է։
Դաֆնե Կարուանա-Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերին, նրա մեքենան պայթեցվել էր։ Կարուանա-Գալիցիան Մալթայի ամենահայտնի հետաքննող լրագրողն էր, մահվանից մի քանի ամիս առաջ նա ծավալուն մի հետաքննություն էր հրապարակել Մալթայի այն ժամանակվա վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին։