Մատչելիության հղումներ

Սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր», - այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 43 կրակոց», - նշեց Ստեփանյանը՝ մանրամասնելով. - «Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 5 անգամ, Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ մեկ անգամ»:

«Հրաձգային զենքերից էր կրակը, ոչ թիրախավորված», - ասաց ՊՆ խոսնակը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: «Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար», - իր ֆեյբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակը:

Շուշան Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ վերջին 5 օրերի ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 48 երկրից կատարվել է շուրջ 192 միլիոն դրամի չափով նվիրաբերություն։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով, ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին հիմնականում պահպանվում է հարաբերական անդորր: Հուլիսի 21-ի ուշ երեկոյան, այդուհանդերձ, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած հերթական հարձակումը հայկական ԶՈւ ստորաբաժանման կողմից հետ մղելու մասին:

XS
SM
MD
LG