Մատչելիության հղումներ

Հինգ օրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 160 մլն դրամ


Հինգ օրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 160 միլիոն 728 հազար դրամ։ Հուլիսի 12-ից Տավուշի սահմանին սկսված մարտական գործողություններից հետո բանակին աջակցել ցանկացողների պակաս չկար։ Ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին հորդորեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցում անել:

«Խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո», - գրել է վարչապետը:

Հիմնադրամի մուտքերն ակտիվացան, հենց վարչապետի հաշվարկով՝ սկզբում՝ երեք րոպեն մեկ, ապա՝ 40 վայրկյանը մեկ հիմնադրամի հաշիվը համալրվում էր: «Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը», - նշել է վարչապետը:

Վերջին հինգ օրում հիմնադրամի հաշիվ գումար են մուտքագրել շուրջ 46 երկրներում ապրող հայեր, բայց ավելի քան 119 միլիոն դրամի փոխանցումով առաջին տեղում հենց հայաստանցիներն են՝ գումարի չափը շատ տարբեր է՝ հազար դրամից մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամներ։ Փոխանցված գումարի չափով երկրորդ տեղում ամերիկահայերն են՝ 21 միլիոնից ավելի, ապա Կանադան ու Ռուսաստանը՝ արդեն թվային մեծ տարբերությամբ՝ 3,5 և 2,5 միլիոն։ Ի դեպ, Թուրքիայից էլ փոխանցում կա՝ 3400 դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի ու Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Տավուշի սահմանին զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելու մասին հիմնադրամն արդեն հայտարարել է:

XS
SM
MD
LG