Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ Լեռնային Ղարաբաղի համակարտությունում, ոչ էլ տարածաշրջանում, այսօր Իջևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը` ի պատասխան հարցին, թե որն է ԱԳՆ-ի արձագանքը նրան, որ Թուրքիա էին այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, և թուրքական կողմը հայտարարել էր, որ ռազմարդյունաբերությունն Ադրբեջանի տրամադրության տակ է:
«Արդեն իսկ Թուրքիան տարածաշրջանում թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է, ոչ թե խանդառավությամբ ներգրավվել հակահայկական գործողություններում», - հայտարարեց Աննա Նաղդալյանը:
«Ազատության» հարցին, թե Մոսկվայի ամենամեծ առևտրային հարթակներից մեկում արգելվել է ազգությամբ հայերի առևտուրը, ի՞նչ է այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկում ԱԳՆ-ն, նա պատասխանեց. - «Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը` դեսպանի մակարդակով, Հայաստանում համապատասխան գերատեսչությունները մեր համակարգմամբ աշխատում են նախ և առաջ այդ խնդրի հասցեագրման ուղղությամբ, դեռևս ձեռնպահ կմնամ նման գործողություններին գնահատական կամ մեկնաբանություն տալուց, քանի որ արտաքին քաղաքականության գերատեսչության առաջնային նպատակը ներկայումս այդ խնդրի հասցեագրումը և դրան լուծում տալն է»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը, Հայաստանի ԱԳՆ խոսնակը շեշտեց. - «Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ-ի գործընկերներին սահմանին ստեղծված իրադրության մասին տեղեկատվության տրամադրումը, ինչը և տեղի ունեցավ նիստին, երբ ելույթ ունեցավ ՀՀ ներկայացուցիչը:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը, ասեմ, որ այն լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները. այդ հայտարարությունում միանշանակորեն նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում: Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում, և այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու` փոխօգնության, կարիքը չկա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական զինված ուժերի կողմից խոցված Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերից մեկն իսրայելական արտադրության էր: Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մարտավարությունն Իսրայելի հետ հարաբերություններում, Աննա Նաղդալյանն արձագանքեց, թե ԱԳՆ-ն շատ զգայուն այդ հարցը` զենքերի վաճառքի, բարձրացնում է և երկկողմ, և միջազգային հարթակներում։
«Խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում», - ասաց նա` հավելելով, որ հետամուտ են լինելու այս հարցին: