Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ


ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախման հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ:

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն է և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտման մասին», - նշում է կառույցը` կոչ անելով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում հրադադարի անհապաղ վերականգնման:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում կոչ են արել կողմերին լուծել իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը կիրառում են հրետանի, այլ զինտեխնիկա: Ադրբեջանական կողմից, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ սպաներ, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ: Հայկական կողմից, ինչպես այսօր հաղորդեց Պաշտպանության նախարարությունը, երկու սպա է զոհվել՝ մայոր և կապիտան:

XS
SM
MD
LG