Գիշերվա ընթացքում հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: Այս մասին առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով», - ասաց խոսնակը՝ հավելելով. - «Գիշերվա ընթացքում վիրավորներ չենք ունեցել»:
«Մինչ այս պահը շարունակում է տիրել հարաբերական անդորր սահմանի ամբողջ երկայնքով», - նշեց Շուշան Ստեփանյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ գիշերը խաղաղ է անցել:
«Մենք նաև շինարարական աշխատանքներ ունենք անելու, և մեզ խաղաղություն է պետք»
«Մենք ունենք խաղաղ գիշեր, այսինքն՝ երեկ երեկոյից իրավիճակը հանգիստ է, կամ ուշ գիշերից, այսպես ասենք: Խաղաղ գիշեր ենք ունեցել, մարդկանց մեծ մասը, իհարկե, գիշերել է, անվտանգությունից ելնելով, նկուղներում, բայց, այնուամենայնիվ, մինչև այս պահը ներառյալ հանգիստ է, խաղաղ է», - ասաց Չոբանյանը և շարունակեց. - «Հավանաբար մեր երկնքում, այնուամենայնիվ , շարունակում են ճախրել թշնամու անօդաչու թռչող սարքերը, դրա համար մենք ուշադիր ենք, և այս պահին էլ՝ առավոտյան ժամը 8-ին, լրացուցիչ հանձնարարականներ ենք տվել անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղպաշտպանության կառույցները աշխատում են համակ ուշադրությամբ, և հույս ունենք, որ խաղաղ օր կունենանք այսօր, և մարդիկ կամաց կվերադառնան իրենց առօրյա աշխատանքին»:
«Մենք նաև շինարարական աշխատանքներ ունենք անելու, և մեզ խաղաղություն է պետք», - նաև ասաց մարզպետը:
Երեկ երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ Հայկ Չոբանյանը հայտնել էր. - «Ընդհանրապես այս օրերի ընթացքում վնասվել են, եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքային, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների: 41 շինություններից 29 շինություններ վնասվել են մինչև այսօր, և 22 շինություններ վնասվել են այսօրվա ընթացքում: Այս շինությունների նախնական ուսումնասիրությամբ կրկին մենք արձանագրեցինք, որ 2 շինություն հաստատ ենթակա են լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է կարողանանք վերականգնենք հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության»:
«Կառավարության որոշմամբ՝ մենք շատ արագ պետք է իրականացնենք այս աշխատանքները, անմիջապես, ըստ էության, և այսօր էլ, ըստ էության, անմիջապես ներգրավված ենք դրա մեջ: Այսօր Բերդ համայնքում մենք ուսումնասիրել ենք նաև շինարարական ռեսուրսները, այդ թվում՝ հաշվառել ենք այն անձանց, ովքեր վերադարձել են հայրենիք և համավարակի պատճառով չէին մեկնել արտերկիր, և արտերկրում իրենք զբաղված էին շինարարական աշխատանքներով, սա ևս կարևոր հանգամանք է, և այս ներուժը պիտի օգտագործենք, որպեսզի առաջիկայում հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք իրականացնել վթարված շենքերի վերանորոգումը կամ նոր շենքերի կառուցումը», - ասել էր մարզպետը:
Չոբանյանի խոսքով՝ «ենթակառուցվածքների խնդիրները ևս հիմնականում լուծվել են, մնացել են երկու ջրագծեր, որոնց լուծումը ուղղակի պահանջում է ավելի անվտանգ միջավայր, որովհետև հնարավոր չէ այդ միջավայրում ուղղակի շինարարական աշխատանքներ իրականացնել»:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, ու մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: