«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր», - առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել, եղել են հրաձգային զենքերից անկանոն կրակոցներ», - ասաց Ստեփանյանը:
Խոսնակը հայտնեց նաև, որ ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում, հայկական կողմը կորուստներ չունի:
«Ինչպես նախկինում հայտարարել ենք, ունենք 4 զոհ», - նշեց Շուշան Ստեփանյանը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, իր հերթին, «Ազատությանը» փոխանցեց, որ սահմանային բնակչության շրջանում խուճապ չկա, գիշերը խաղաղ է անցել:
«Գիշերը հանգիստ է եղել բոլոր բնակավայրերում, որևէ միջադեպ չենք ունեցել մեր տվյալներով: Առավոտյան ճշտել ենք, որ բոլոր բնակավայրերում է հանգիստ եղել», - ասաց Չոբանյանը:
«Ինչպես արդեն առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասելու, բնակչությունը շատ մարտական է տրամադրված՝ այն առումով, որ անխուսափելի [են], երևի թե, սահմանամերձ տարածաշրջանում նմանատիպ լարումները, կարևորը այն է, որ մենք քաղաքացիական բնակչության շրջանում որևէ զոհ կամ վիրավոր չենք ունեցել: Այո, եղել են վնասված ենթակառուցվածքներ, տներ և այլն, բայց այդ ամեն ինչը վերականգնվելի է», - նշեց մարզպետը:
«Խուճապ ընդհանրապես չկա: Մարդիկ զգոն, հանգիստ զբաղված են իրենց աշխատանքով: Այսօր էլ այսպես պայծառ առավոտ է բացվել, հուսանք, որ այն խաղաղ կլինի: Մեր ցանկությունն է, որ վայրկյան առաջ ավարտվի այս լարվածությունը, որպեսզի մարդիկ լիարժեք վերադառնան իրենց բնականոն աշխատանքին», - հայտարարեց Հայկ Չոբանյանը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: