Մատչելիության հղումներ

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և հայկական որևէ բնակավայրից տարհանում չի եղել, ասում է Հովհաննիսյանը


Ադրբեջանական զինված ուժերը դեռ հուլիսի 12-ին սադրանք են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ, և տեղի են ունեցել մարտական գործողություններ, այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, սակայն այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց` փաստացի խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, զոհեր խաղաղ բնակչության շրջանում չկան: «Ամբողջ հրետակոծության ընթացքում հայկական ԶՈւ-ն հնարավոր բոլոր ձևերով լռեցրել է թշնամուն: Հակառակորդն այս ընթացքում կիրառել է հրետանային միջոցներ, տանկեր, ականանատեր: Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը, տների մերձակայքում տեղակայում են զրահատեխնիկա` դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` այս պահին օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. սկսած ժամը 18:00-ից կրակոցները քիչ են, լարվածության նվազում կա:

Ինչ վերաբերում է վիրավորներին, նա հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել:

Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց` նյութական վնասներ են եղել, հայտարարեց. - «Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և ես վստահ եմ` տեղի չի ունենա»:

Միաժամանակ ըստ Արծրուն Հովհաննիսյանի` ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի ԶՈւ-ի բոլոր տեսակի զորաշարժերին, երթերին տիրապետում են, այս պահի դրությամբ ադրբեջանցիներն ունեն 5-10 խոցված ԱԹՍ:

Նա հայտնեց, որ ընդհանրապես լարվածության օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանի ողջ երկայնքով գրեթե որևէ լարվածության օջախներ չեն առաջացել:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Այսօր արդեն 2 կողմերը հայտնել են կորուստների մասին. ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Ադրբեջանը հաղորդել է իր բարձրաստիճան զինվորականների սպանվելու մասին։ Օրվա առաջին կեսին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում զոհվել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքով թիրախավորել էին Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Բերդի հրետակոծության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով. «Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

XS
SM
MD
LG