Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, այսօր հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», - ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:
«ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ԱԳՆ լրատվության և հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:
Ադրբեջանական զինուժի կողմից Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մասին ավելի վաղ հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տուժածներ չկան:
Այնուհետև Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը», և հրապարակեց համապատասխան տեսանյութը:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:
Հայկական կողմը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման մասին: Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց այդ գործողությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա:
Անցած գիշեր Տավուշի մարզի գյուղերում հարաբերական անդորր է եղել: