Մատչելիության հղումներ

Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. վարչապետի խոսնակ


Դատարկ փողոց Երևանում, արխիվ
Դատարկ փողոց Երևանում, արխիվ

«Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի՝ ամենայն հավանականությամբ, երկուշաբթի», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ժամկետը հենց երկուշաբթի՝ հուլիսի 13-ին էլ լրանում է։ Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն, այսպիսով, կերկարաձգվի 4-րդ անգամ: Հիմնավորումը անփոփոխ է՝ կորոնավիրուսի համաճարակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ասել էր՝ վարակի տարածման այսօրվա տեմպը արտակարգ դրությունը չերկարացնելու այլընտրանք չի թողնում:

«Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը կհրապարակենք», - ասաց վարչապետի խոսնակը:

Կառավարության նիստին կհետևի իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստը: Հենց դրա ընթացքում էլ խմբակցությունները կարող են ներկայացնել արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրությամբ նախատեսված միջոցառումները չեղարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը այս պահին այդպիսի ծրագրեր չունի, «Ազատությանը» փոխանցեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Բայց նիստին մասնակցելու են, կառավարությանն էլ շատ հարցեր ունեն: «Հասկանանք՝ իրավիճակով պայմանավորված պատասխանատուները պիտի շարունակե՞ն աշխատել այս ոճով, այս ձևով, թե ոչ, թե մեկ այլ բան պիտի մտածենք: Համենայն դեպս մենք այս պահին արձանագրում ենք, որ վիճակը ճգնաժամային է և որևէ դրական տեղաշարժ չկա. վարակակիրների թիվը չի նվազում, մահերն էլ արդեն շատ մտահոգիչ են: Անկեղծորեն զարմացած եմ, թե որքան պիտի անտաղանդ լինել, որպեսզի հանրային ռեսուրսն այսքան անօգտակար, անարդյունավետ օգտագործել և չկարողանալ ամիսներ շարունակ համավարակի դեմն առնել, գոնե տեսանելի, շոշափելի դրական տեղաշարժերի առումով», - ասաց Սամսոնյանը:

Իշխանական «Իմ քայլից» Արուսյակ Ջուլհակյանը քննադատությունը չի ընդունում, կարծում է՝ իշխանությունը արդյունավետ է պայքարում համավարակի դեմ․ «Եթե այս հարցը կապենք անտաղանդության հետ, ապա կարծում եմ տիկին Սամսոնյանը պետք է ձեռնոց նետի ամբողջ աշխարհին և ասի, որ ամբողջ աշխարհը գտնվել է անտաղանդ և չի կարողանում առայսօր հաղթահարել համավարակը, համավարակի տեմպերը և համավարակի պատճառած վնասները: Չնայած այն բանին, որ վարակի տարածման տեմպերի նվազում այս պահին դեռևս չկա, թռիչքային աճ մենք չենք ունենում, բայց որն ամենակարևորն է մահացության տեսանկյունից մենք գտնվում ենք հավասար դիրքերում այնպիսի զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Իսրայելը»:

Անի Սամսոնյանը միտում է տեսնում արտակարգ դրությունը ամիսներ շարունակ երկարաձգելու՝ իշխանության որոշումների մեջ, որ մարդիկ հնարավորություն չունենան փողոցում իրենց բողոքի ձայնը բարձրացնել, երբ տարբեր պատճառներ կան՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական։

«Բնական է, որ պիտի երկարացնեն, որովհետև դա մի գործիք է, որով կառավարությունը ստիպում է մարդկանց դիմակ կրել, որով կառավարությունը տեղորոշում է մարդկանց, չի թույլ տալիս դուրս գալ փողոց բողոքի ակցիաներ անել: Մի կողմից մենք չենք հասկանում, թե ինչու պիտի երկարացվի արտակարգ դրությունը, դա մեզ համար արդեն անընդունելի է, որովհետև իշխանությունն անարդյունավետ է օգտագործել, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ իրավիճակը չի բարելավվում, հիմա մենք ինչպե՞ս ասենք իշխանությանը՝ «չէ, դու այլևս չպիտի օգտագործես այս գործիքը», - ասաց Սամսոնյանը:

«Բողոքի ակցիաներ ինչպես տեսնում ենք տեղի ունենում են, և այնպես չէ, որ արտակարգ դրություն չլինի մարդիկ հազարներով դուրս են գալու փողոց և մենք այդ վախից է, որ թույլ չենք տալիս: Միակ վախը, եթե մենք դա կարող ենք որակել որպես վախ, այն է, որ մարդիկ հավաքվեն մի տեղ, ապա դա հագեցնելու է մարդկանց վարակման», - հակադարձեց Արուսյակ Ջուլհակյանը:

Իշխանությունը նաև մտածում է օրենսդրական փոփոխությունների մասին, որ արտակարգ դրությունը այլևս չերկարացվի, բայց հնարավոր լինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ։ Երեք օր առաջ Փաշինյանը խոսեց քննարկումներից։ Վարչապետի մամուլի խոսնակը ասաց՝ քննարկումներն արդեն հաջորդ շաբաթ կսկսեն. «Օրենսդրական փոփոխությունները նախատեսվում են երկու օրենքներում կատարել՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում և Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում: Այս պահին այսքանը կարող եմ ասել, իսկ թե փոփոխությունների արդյունքում ինչ գործիքակազմ կներդրվի, ցույց կտա առաջիկա քննարկումը, որոնք թերևս եկող շաբաթ արդեն տեղի կունենան»:

Մանե Գևորգյանը շատ փակագծեր չբացեց, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց՝ եթե օրենսդրական այլ կարգավորումներով համաճարակի ժամանակ հնարավոր լինի որոշակի սահմանափակումներ մտցնել, օրինակ, վարակի բռնկման դեպքում որևէ համայնքում ելումուտը արգելել կամ դիմակի պարտադիր կրումը ապահովել, կգնան այդ քայլին՝ անհարկի շահարկումներից խուսափելու համար։

«Իմ կարծիքով՝ գուցե դա հնարավոր չլինի, որովհետև կոնկրետ սահմանափակումներ հնարավոր է, ըստ Սահմանադրության մտցնել միայն արտակարգ դրության դեպքում, բայց պետք է քննարկել հասկանալ, իհարկե», - ասաց Ջուլհակյանը:

XS
SM
MD
LG