Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնել Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքից հեռանալուց հետո:

«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մանուքյանի դիմումը մերժել: Որոշման բողոքարկման կարգը. ընդունվելու դեպքում, այն կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ օրացուցային երեք օրվա ընթացքում», - հայտարարեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

Հանձնաժողովը ողջ կազմով համաձայն էր՝ չկան իրավական հիմքեր, ըստ որոնց հնարավոր է վերականգնել որևէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել պատգամավորական մանդատը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ կուսակցության տարածքային կամ համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածուին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ տրվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը, ինչը նշանակում է, որ եթե որևէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն իրավական փաստը, որի հիմքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արձանագրությամբ այդ մանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի», - ասաց Մուկուչյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» իր դիմումում նկարագրել է Ազգային ժողովում առկա իրավիճակը: Ըստ նրանց, խորհրդարանի պատգամավորների մանդատի մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, ինչի պատճառով չեն կարող հանդես գալ մի քանի կարևոր նախաձեռնություններով, ինչպեսին օրինակ, վարչապետին անվստահություն հայտնելն է, վարչապետի թեկնածու առաջադրելը և այլն:

ԿԸՀ-ում ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ասաց, որ հանձնաժողովն արդեն ինքը պետք է որոշի՝ ինչպես լուծել ստեղծված խնդիրը՝ զրկել Արման Բաբաջանյանին մանդատից, թե խմբակցությունում նոր մանդատ ավելացնել:

«Մենք գտնում ենք, որ ձեր լիազորությունների մեջ է որոշել՝ այդ հարաբերակցությունը մեկ երրորդի վերականգնել լրացուցիչ մանդատների տրամադրմամբ կամ դիցուք` Արման Բաբաջանյանին մանդատից զրկելու տրամաբանությամբ...», - ասաց Խաժակյանը:

«Եկեք, մնանք ձեր պահանջի շրջանակներում: Ձեր պահանջով դուք պահանջում եք մեկ լրացուցիչ մանդատ: Հիմա մեկ լրացուցիչ մանդատը խմբակցությանն արդյունքում բերում է պատգամավորների ընդհանուր մանդատների մեկով ավելացման», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ ըստ Ընտրական օրենսգրքում ամրագրված հաշվարկի բանաձևի, 7-րդ գումարման Ազգային ժողովը պետք է ունենա 132 պատգամավոր: Այդ դեպքում Մուկուչյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը» պատկերացնում 133-րդ մանդատի ավելացումը խորհրդարանում:

«Ենթադրենք` մենք բավարարում ենք ձեր դիմումը: Դրա արդյունքում խորհրդարանի ընդհանուր մանդատի թիվը դառնում է 133, ճի՞շտ է», - հարցրեց նա: «Եթե ձեր որոշման որպես հետևանք պետք է լինի այդ թվաքանակի փոփոխությունը, ապա որպես լիազոր մարմին դուք եք այդ որոշման պատասխանատուն», - պատասխանեց Խաժակյանը: ԿԸՀ նախագահը հետաքրքրվեց` եթե առկա չէ թափուր մանդատ, ո՞ր մանդատը հանձնաժողովը պետք է տա ԼՀԿ-ին. - «Չէ՞ որ թափուր մանդատի պարագայում է, որ տրամադրվում է լրացուցիչ մանդատ»:

Նիստից հետո արդեն, երբ հայտնի էր, որ ԿԸՀ-ն մերժել է Լուսավոր Հայաստանի դիմումը, Դավիթ Խաժակյանը գնահատական հնչեցրեց՝ հանձնաժողովը խնդրին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից։

«Նայած թե տառացի ինչ լիազորություններ ունի, մինչդեռ մենք կարծում ենք, որ այս իրավիճակում, երբ, ըստ էության, կա մի պատգամավոր, որը ընտրվել է մի կուսակցության ցուցակով, ձևավորել է հիմա նոր կուսակցություն, և մանդատը, որը ստացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջոցով, ծառայացնում է բոլորովին այլ կուսակցություն ստեղծելու համար, սա մենք կարծում ենք, որ անընդունելի է: Սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, խմբակցությանը տրված ձայների հարաբերակցությանը, և դա այս կամ այն կերպով պետք է վերականգնվեր», - նշեց Խաժակյանը:

XS
SM
MD
LG