Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը


Բաբաջանյանը որոշման մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: Պատճառաբանությունը բավականին ծավալուն էր, թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ իշխանության հասցեին քննադատությամբ համեմված։

«Նոր խորհրդարանը ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից ու մարտահրավերներից», - գրել է Բաբաջանյանը՝ հավելելով, որ ասածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ ընդդիմադիրներին՝ «Բարգավաճին» ու «Լուսավոր Հայաստանին»:

«Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն․․. ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Իսկ ընդդիմությունը ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարությունը: Արդյունքում՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով», - եզրակացրել պատգամավորը:

Ըստ նրա, այս իրավիճակի հետևանքը այն է, որ «այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի»:

Նաև այս պատճառները, ըստ Բաբաջանյանի, իրեն անհամատեղելի են դարձնում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Նա տեղեկացրել է, որ խմբակցությունից դուրս գալու որոշման մասին կհայտարարի Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Կտեղեկացնի նաև, թե արդյոք հրաժարվում է պատգամավորական մանդատից, թե քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր:

9 ամիս առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններում անկուսակցական Բաբաջանյանը երրորդն էր Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան»- ցուցակում։

«ԱԺ կանոնակարգ» օրենքով պատգամավորն ազատ է խմբակցությունից դուրս գալ, բայց այլ խմբակցություն չի կարող մտնել։

Բաբաջանյանի հայտարարությունից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայատարարությունը հրապարակվեց․ հարգում են նրա «սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը»։

Խմբակցության պատգամվորներից Անի Սամսոնյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց․ - «Քանի որ պարոն Բաբաջանյանի սկզբունքայնության նկատմամբ ունենք մեծ հարգարք, նաև ակնկալում ենք, որ այդ սկզբունքայնությունից ելնելով՝ պարոն Բաբաջանյանը վայր կդնի իր մանդատը: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստան»-ին կվերադարձնի իր մանդատը: Իր հեռանալու պատճառների մասին, կարծում եմ, ավելի ճիշտ է, որ խոսի պարոն Բաբաջանյանը»:

Բաբաջանյանի քննադատությանը ԼՀԿ-ից չեն պատասխանում․ հայտարարությամբ շնորհակալություն էին հայտնել և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեությունում։

Մամուլում տեղեկություններ կային, թե Բաբաջանյանը մտադիր է քաղաքական ուժ ստեղծել։ Այսօրվա հայտարարության մեջ ոչ մի հստակություն այդ հարցով չկար, բայց ակնարկներ թերևս նկատելի էին։

«Եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը», - գրել էր պատգամավորը, որից ողջ օրվա ընթացքում մեկնաբանություններ այդպես էլ չհաջողվեց ստանալ:

Անի Սամսոնյանի խոսքով, իրենք տեղեկություններ չունեն, թե Բաբաջանյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի:

Բաբաջանյանի տեսակետը տարբերվեց «Լուսավոր Հայաստանի» մյուս պատգմավորների արտահայտած քննադատական դիրքորոշումից, մասնավորապես, ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ: Էդմոն Մարուքյանը այն ժամանակ, խմբակցությունում եղած տարաձայնությունների մասին լրագրողների հարցերին այսպես էր պատասխանել․ «Եթե մի քվեարկությամբ ուզում եք ԼՀԿ-ի վախճանը գուժել, լուսավորեմ՝ նման բան չկա և չի կարող լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG