Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, «Իմ քայլը» պահանջն «անհասկանալի» է համարում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ստացել են խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը, որում էդմոն Մարուքյանը ԿԸՀ նախագահին է ներկայացնում փաստարկներ այն մասին, որ խորհրդարանի մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին։

Այս քննարկումները ծագեցին այն բանից հետո, երբ պատգամավոր Արման Բաբաջանյանը ամիսներ առաջ դուրս եկավ ԼՀԿ խմբակցությունից։

«Խախտվել է խորհրդարանում ընդդիմության այդ մեկ երրորդի բաժանումը, որը կարևոր սահմանադրական երաշխիք է: Դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի այս խնդրին հանգուցալուծում տրվի և խորհրդարանում վերականգնվի այդ մեկ երրորդի ընդդիմությունը», - ասաց «Լուսավոր Հայաստան»-ից Դավիթ Խաժակյանը:

ԿԸՀ-ից տեղեկացանք, որ դիմումն այժմ ուսումնասիրում են, առաջիկայում կնշանակեն նիստ, որին «Լուսավոր Հայաստան»-ի լիազոր ներկայացուցիչը կլինի Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ թե ինչ ճանապարհ կընտրի ԿԸՀ-ն լուծելու խնդիրը, իրենց համար էական չէ, առաջնայինը «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18-րդ մանդատի վերականգնումն է։ Այնուամենայնիվ, Խաժակյանն ասում է, անձամբ իր կարծիքով, ճիշտ կլիներ, եթե Արման Բաբաջանյանը վայր դներ մանդատը։ Վերջինս, սակայն, բազմիցս հայտարարել է, որ նման ծրագիր այժմ չունի։

«Ե՛վ կարող է լինել լրացուցիչ մանդատ հատկացնելու ճանապարհով, և՛ կարող է լինել Բաբաջանյանին, այդ 300 ձայն ստացած և համամասնական ընտրակարգով կուսակցության հաշվին անցած մանդատը վերադարձնելու ճանապարհով, բայց դրա որոշում կայացնողը, կարծում եմ, լիազոր մարմինն է», - ընդգծեց Խաժակյանը:

ԿԸՀ-ին Էդմոն Մարուքյանի անունից ուղղված դիմումում ԱԺ կանոնակարգ օրենքի վերլուծությունից հետո նշվում է՝ «որևէ դեպքում խմբակցությունում չընդգրկված պատգամավորը չի կարող համարվել խորհրդարանական ընդդիմություն, և այս դերը վերապահված է բացառապես խմբակցություններին»։ Ապա «Լուսավոր Հայաստան»-ը շարունակում է՝ իսկ երբ ընդդիմությունը չունի մանդատների մեկ երրորդը, չի կարող հանդես գալ մի շարք կարևոր նախաձեռնություններով, ինչպես օրինակ՝ վարչապետին անվստահություն հայտնելն է, վարչապետի թեկնածու առաջադրելը, քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջ ներկայացնելը պաշտպանության ու անվտանգության հարցերում։

Դավիթ Խաժակյանին հիշեցրինք, որ մյուս ընդդիմադիր խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստան»-ից հեռացած պատգամավոր ևս կա՝ Տիգրան Ուրիխանյանը։

«Այդ նախադեպը կարող է տարածվել և՛ Ուրիխանյանի վրա, և՛ հետագայում նաև «Իմ քայլից» դուրս եկող պատգամավորների վրա: Ես կարծում եմ, որ իշխանությունը ևս այստեղ պետք է անհանգստություն ցուցաբերի, որովհետև ձայնը ստացել է «Իմ քայլը» դաշինքը՝ որպես ընդհանուր իշխանություն, եթե որևէ մեկը որոշի դուրս գալ այդ խմբակցությունից և ընդդիմադիր գործունեություն ծավալել, բնականաբար, կստացվի, որ նա այլևս չի կատարում այն մանդատը, որը տվել էր ժողովուրդը վերջինիս, որովհետև չկա առանձին պատգամավորի մանդատ, կա ընդհանուր խմբակցությանը, դաշինքին կամ ուժին տրված մանդատ», - ասաց ԼՀԿ անդամը:

«Իմ քայլից» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ հետաքրքրությամբ սպասելու է ԿԸՀ-ի որոշմանը, քանի որ, ըստ նրա, ԼՀԿ-ի պահանջն ամբողջությամբ հասկանալի չէ։

«Եթե օրինակ՝ պահանջում են պատգամավորին մանդատից զրկել, այն պատգամավորին, որ հեռացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ապա պատգամավորին մանդատից զրկելու լիազորությունը Սահմանադրական դատարանին է պատկանում, և դրանք սպառիչ են կարգավորված Սահմանադրությամբ: Իսկ եթե պարզապես խնդիրն այն է, որ մեկ պատգամավոր դուրս է եկել խմբակցությունից, և իրենք արդարացի, իրենց ասելով, պահանջում են վերականգնել այդ մեկ երրորդ համամասնությունն, ապա այստեղ ինձ համար մի քիչ անհասկանալի է», - ասաց Գաբրիելյանը:

Եթե երկու ընդդիմադիր խմբակցություններից դուրս եկած պատգամավորները վայր չեն դրել իրենց մանդատները, ապա, Սիսակ Գաբրիելյանի խոսքով, տեսականում մի պահ կարելի է դիտարկել այդ խմբակցություններում մեկական մանդատ ավելացնելու հարցը, ինչն իր հերթին նոր խնդիրներ կստեղծի։

«Եթե այդպես ստացվի, ապա այդ նույն Ընտրական օրենսգրքի տրամաբանության շրջանակում կխախտվի կառավարող ուժի համամասնությունը, և եթե դա ճիշտ է, ապա կստացվի, որ, պայմանականորեն եմ ասում, կարող է վաղը 5 հոգի կամ 20 հոգի «Իմ քայլը» խմբակցությունից դիմում գրի և դուրս գա, և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ասի՝ «գիտեք ի՞նչ կա, Սահմանադրությամբ կամ Ընտրական օրենսգրքով նախատեսված կայուն մեծամասնության դրույթը խախտվել է, հետևաբար, ապահովեք մեզ լրացուցիչ 20 մանդատով», - նշեց «Իմ քայլի» պատգամավորը:

Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած խմբակցություն այս հարցով կարող է անընդհատ դիմել ԿԸՀ-ին, ասում է Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդգրկված պատգամավորը։

«Տեսականորեն չի բացառվում, որ այդ նույն մանդատը, որը կվերականգնվի, ցուցակի հաջորդականությամբ, կգա հաջորդ պատգամավորը, ինքը կարող է, օրինակ, երկու օր հետո կրկին որոշել, որ պետք է դուրս գա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ի՞նչ է ստացվում՝ այդ դեպքում կրկին «Լուսավոր Հայաստան»-ը պետք է մեկ մանդատ պահանջի: Սա մի քիչ, այսպես ասած, տրամաբանական չէ: Այլ հարց է, թե ինչ որոշում կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ինչպես նշել եմ, անկեղծ եմ ասում՝ ինձ շատ հետաքրքիր է», - ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG