Մատչելիության հղումներ

Պետդումայում Ռուսաստանի տարածքների օտարումը ծայրահեղականությանը հավասարեցնող նախագիծ է ներկայացվել


Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկով, արխիվ
Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկով, արխիվ

Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, որը Ռուսաստանի տարածքների օտարումը հավասարեցնում է ծայրահեղական գործունեության՝ էքստրեմիզմի: Այս մասին այսօր հայտնել Է օրինագծի համահեղինակ, Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը։

Նրա խոսքով՝ «ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի հոդվածի այն կետում, որ ծայրահեղականություն է ճանաչում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտումը, կավելացնեն «նրա տարածքի մի մասի օտարումը» արտահայտությունը: «Այսպիսով, տվյալ օրենքի տերմինաբանությունը կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը, որտեղ ամրագրված է տարածքների օտարման արգելքը», - հայտարարել է Կրաշենիննիկովը: Օրինագծի փաթեթը Պետդումա է մտել այսօր։

Պատգամավորներն ասում են, որ այն օրենքի տեսք կստանա արդեն այս ամիս։ Օրինագծով մինչև տասը տարի պատիժ է սահմանվում ամբողջականության խախտման համար և մինչև չորս տարի ազատազրկում դրա մասին կոչեր անելու համար: Սա, իհարկե, նախ և առաջ Ղրիմին է վերաբերում։ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մասնավորապես, հայտարարել է` եթե օրինագիծն ընդունվի, այն նախ և առաջ կտարածվի այն կուսակցությունների և քաղաքական գործիչների վրա, որ կոչ են անում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային։

Հիշեցնենք` 2014-ին Ռուսաստանը Ուկրիանային պատկանող Ղրիմը միավորել է Ռուսաստանին, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգներն ու եվրոպական պետությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ` հայտարարելով, որ Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը և պետք է վերադարձնի Ղրիմը Ուկրաինային։ Պատգամավորները փաստորեն ուզում են, որ Ղրիմի վերադարձի հարցը դուրս գա ռուսական քաղաքական օրակարգից՝ Ղրիմի Ռուսաստանին ապօրինի ճանապարհով միավորելու մասին հայտարարությունը դառնում է հանցագործություն։

Բայց, իհարկե, այս օրինագծի և ընդհանրապես Ռուսաստանի տարածքային ամբողջականության մասին վերջերս ակտիվացած քննարկման հիմքում Ռուսաստանի իշխանությունների մտավախությունն է առ այն, որ Ռուսաստանին կարող է սպառնալ Խորհրդային Միության ճակատագիրը։ Անցած շաբաթ, հիշեցնենք, Պուտինը հայտարարել էր, որ միության կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու իրավունքի մասին դրույթը սովետական միության Սահմանադրությունում լուրջ հարված էր Ռուսաստանի շահերին։ «Խորհրդային Միությունից հանրապետությունների դուրս գալու իրավունքը դանդաղ գործողության ական էր, Ռուսաստանը պետք է խուսափի նման սխալներից», - նախօրեին «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հուլիսի 1-ին Ռուսաստանում անցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ռուսաստանցիների գերակշիռ մասը, պաշտոնական տվյալների համաձայն, կողմ է քվեարկել, և անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը ստորագրել է փոփոխությունների փաթեթը. նրանք ուժի մեջ են մտել: Հիմնականը, իհարկե, Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումն էր։ Ռուսաստանը փաստացի 2000 թվականից ղեկավարող Պուտինը մինչև 2036 թվականը Կրեմլում մնալու սահմանադրական իրավունք է ստացել։

Ռուսաստանցի փորձագետները համոզված են, որ հանրաքվեից հետո իշխանությունները ուժեղացնելու են ճնշումը ընդդիմադիրների վրա և ավելի ագրեսիվ ներքին ու արտաքին քաղաքականություն են վարելու։ «Իրականում, Պուտինի վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հավակնություն ունի ՌԴ-ի հետ վերամիավորել նաև այլ տարածքներ, նա, իհարկե, չի խոսում բաց այդ տարածքների մասին, և հիմա Ղազախստանում կամ Բելառուսում մտածում են, թե արդյոք իրենց չեն վերաբերում Պուտինի հայտարարությունները, և արդյոք վտանգված չէ նրանց տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, որոշ ժամանակ է սովորաբար անցնում հայտարարություններից մինչև գործողություններ, սակայն ով կմտածեր, օրինակ, 10 տարի առաջ, որ Պուտինը կվերցնի ու Ռուսաստանին կմիավորի Ղրիմը` ուրիշ պետության տարածք, մի պետության, որի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը։


XS
SM
MD
LG