Մատչելիության հղումներ

Փաստաբան. Գագիկ Ծառուկյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված Վազգեն Պողոսյանի հետ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ, «Ազատությանն» այսօր հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ըստ քրեական գործի` 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։

«Դրանց մանրամասները ես այս պահին չեմ ցանկանում ներկայացնել, ուղղակի ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ տարակարծություններ առաջացնող ցուցմունքը, վերջիվերջո արդեն փարատվել են այդ ցուցմունքի արդյունքում բոլոր կասկածները կոնկրետ մեզ մոտ առաջացած, և հույս ունեմ, որ դրանք ուսումնասիրելուց հետո նաև վարույթ իրականացնող մարմնի և դատարանի մոտ կփարատվեն այդ կասկածները: Այդ առերես հարցաքննության արդյունքում վերջնականապես պաշտպանական կողմը ևս ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, և ավելի քան համոզված ենք և վերահաստատում ենք մեր պնդումն այն մասին, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է», - նշեց Էմին Խաչատրյանը:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին վերաբերող դիմումների քննությունը, որը, սակայն, հետաձգվեց։ Պատճառը տեխնիկական էր, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ շեշտելով՝ գործընկերների դիմումները փոստով են ուղարկվել և դեռևս դատախազներին չեն ներկայացվել։

63-ամյա Գագիկ Ծառուկյանը ներկա չէր, քանի որ վարակված է կորոնավիրուսով։ Փաստաբանի խոսքով՝ տանն է մեկուսացած, թոքաբորբի նշաններ ունի. - «Բավականին լավ է պարոն Ծառուկյանի վիճակը, ուղղակի ժամանակ առ ժամանակ, ըստ բժիշկների ցուցումների, կաթիլային է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, բայց ինքնամեկուսացված է տանը»:

Վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես փաստաբանները, այնպես էլ գլխավոր դատախազությունը։ Երկու շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ազգային անվտանգության ծառայության կալանքի միջնորդությունը, եզրահանգել էր, թե Ծառուկյանը կարող է գտնվել ազատության մեջ։ Սակայն միևնույն ժամանակ դատարանը գտել էր՝ հիմնավոր կասկածներ կան, որ ԲՀԿ առաջնորդը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանումը։ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչում վիճարկում են ինչպես այս, այնպես էլ այն հանգամանքը, որ այս գործն ի սկզբանե պետք է հարուցվեր և քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում։ Դատախազությունն իր հերթին վիճարկում է Ծառուկյանին ազատության մեջ թողնելու որոշումը։

ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրում նշվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանին պատկանող ընկերությունում խուզարկությամբ հայտնաբերել են Գեղարքունիքի մարզում բաժանված ընտրակաշառքների մասին փաստաթղթեր։ Իսկ Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության, հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։

Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները հերքում են իրենց պաշտպանյալի մասնակցությունը տեղի ունեցածին՝ շեշտելով՝ 2017-ի ընտրություններից հետո ընտրակաշառքի բաժանման գործերով որևէ մեկը չի դատապարտվել։ Փաստաբանները անդրադարձան նաև վերջերս ՀՔԾ-ում հարուցված ընտրակաշառք տալու գործին, երբ քաղաքացին ահազանգել է, որ դեռ 2017-ին ԲՀԿ-ին ձայն տալու համար իր, կնոջ և մոր քվեի համար 15 հազար դրամ է ստացել. - «Ծիծաղելի է ինձ համար ուղղակի այդ մոտեցումը, որ մի քաղաքացի է հայտնվում, ասում է` գիտեք ինչ, հենց էտ օրը մի հատ սենց միամիտ ավտո եկավ, կանգնեց, ինձ սենց միանգամից առաջարկեց ընտրակաշառք, ես էլ համաձայնեցի, վերցրեցի և գնացի, ընտրեցի ու էլ ոչ մի բան չգիտեմ: ԲՀԿ-ն, ըստ էության, քրեական պատասխանատվության որպես այդպիսին որպես կուսակցություն չի կարող ենթարկվել, ընտրակաշառք ԲՀԿ-ն չի բաժանում, եթե նույնիսկ նման դեպքեր հիմնավորվեն քննության արդյունքում, ես հիմա չեմ կարող գուշակություններով զբաղվել: Ընտրակաշառք բաժանում են անձինք»:

«Ազատության» դիտարկմանը, որ միգուցե օրինակ` ԲՀԿ-ին առնչվող անձինք են եղել, փաստաբանն արձագանքեց. - «Հիմա կարող է և ԲՀԿ-ն «արջի ծառայություն» մատուցող անձինք էլ լինեն»:

Ընտրակաշառքի գործով կալանքի տակ է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու, Գագիկ Ծառուկյանին և այլոց հանցակցելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Բացի ընտրակաշառքի գործից, կան ևս երկու քրեական գործեր, որոնցով, ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի, Ծառուկյանը որպես վկա է անցնում։ Մեկը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ Երրորդ քրեական գործն էլ այն մասին է, որ Առինջ համայնքի պաշտոնյաների կողմից ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։

XS
SM
MD
LG