Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 593-ով, բուժվածներինը՝ 473-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 593-ով՝ հասնելով 26 հազար 658-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 473-ով և հասել 15 հազար 36-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 100 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 115 հազար 765-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 459-ի, կորոնավիրուսով վարակված ևս 153 մարդ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 10 մարդ:

«Սկզբունքորեն տոկոսի առումով էական փոփոխություն չկա»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով վերջին տվյալները, նշեց, որ «սկզբունքորեն տոկոսի առումով էական փոփոխություն չկա»:

«Առողջապահական համակարգի, կորոնավիրուսով զբաղվող համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են, իհարկե, կան մեկ-երկու տեղեր բոլոր տեղերում, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվը այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, և 44 հոգի նրանցից միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին», - փոխանցեց նախարարը:

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ, ըստ Թորոսյանի, տանը հոսպիտալացման է սպասել ընդամենը 11 քաղաքացի, «որից 4-ը՝ միջին ծանրության, և 7-ը՝ թեթև, մնացած ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանությամբ»:

«Ապացուցողական բազան մեր կողմից որդեգրված կանոնների պահպանման արդյունքների մասով օրեցօր շատանում է», - նաև ընդգծեց նախարարը:

Հնարավոր պատվաստանյութի համար արդեն իսկ բանակցություններ են ընթանում

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի, թե ի՞նչ նորություններ կան պատվաստանյութի հետ կապված, և «մենք ի՞նչ ենք անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար», Արսեն Թորոսյանը հայտարարեց. - «Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն որոնցից մոտ 20-ը ավելի հավանական են, որ կդառնան, և նախնական, առաջին և երկրորդ փուլի հետազոտությունները <...> ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը»:

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով: Առաջինը դա ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ էդ բանակցությունները վարում, օրինակ՝ երեկ խոսել եմ Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է, և դա, այդ վակցինան՝ MRN1723, եթե չեմ սխալվում, արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից մեկն է: Ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, Gavi-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա», - հաղորդեց առողջապահության նախարարը:

Ընդգծելով, որ շատ կարևոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ «նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը», Թորոսյանը շարունակեց. - «Տարբեր գնահատականներով՝ այն հասանելի կլինի երկրներին մատակարարվելու կա՛մ 20 թվականի վերջին, կա՛մ 21 թվականի սկզբին, դա, ինֆորմացիան այդ վերջնական պարզ կլինի աշնան սկզբում, որովհետև երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումը սպասվում է այդ ժամանակ: Բայց ընդհանուր փատը, որ դա լինելու է և փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով էդ բանակցությունները: Արդյունքների մասին էլ ես ընթացքում տեղյակ կպահեմ արդեն»:

XS
SM
MD
LG