Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 515 մարդ


Անցած օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք, 515 մարդ առողջացել է։ Այսպիսով՝ Հայաստանում մարտի 1-ից ի վեր գրանցված դեպքերը հասնում են 26 հազար 65-ի, որոնցից 14 հազար 563-ն ապաքինվել է։

Մահվան նոր դեպքերը տասն են, նրանցից ամենաերիտասարդը՝ 62-ամյա կին: Բոլոր մահացածները ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մինչ օրս կորոնավիրուսից Հայաստանում 453 մարդ է մահացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում հայտարարեց, որ դեռևս չի հաջողվում լուծել ռազմավարական կարևոր խնդիրը՝ ապրել կորոնավիրուսի հետ․ - «Հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն։ Իհարկե, մահացությունների այս վիճակագրության փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այդ գործոնին։ Մեզնից յուրաքանչյուրը այդ մահվան վիճակագրությունը կարող է նվազեցնել ինքը չվարակվելով և ուրիշներին չվարակելով, ինչքան էլ դա դժվար է։ Եվ սրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները»։

Կառավարությանը հույսը միայն քաղաքացիների սոցիալական պատասխանատվության վրա չի դրել և վարչական միջոցներ է կիրառում, նկատեց Փաշինյանը: Միայն երեկ 6 000-ից ավելի քաղաքացի է տուգանվել, նրանցից ավելի քան 2000-ը դիմակ չկրելու համար: 431 արձանագրություն է կազմվել հասարակական տրանսպորտում կանոնները չպահպանման պատճառով․ - «Մենք շարունակում ենք հիմնական շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությանը, որովհետև, ինչպես նախկինում ցույց եմ տվել, դա է այն ճանապարհը, որով մենք կորոնավիրուսի համաճարակը կհաղթահարենք նվազագույն տնտեսական կորուստներով»։

Վաղվանից սկսվում են բուհական ընդունելության քննությունները: Ասուլիսին ներկա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց չուղեկցել դիմորդներին և բացառել կուտակումները քննական տեղամասերում․ - «Ամենահագեցած օրը լինելու է ամսի 6-ը, երբ ամենաշատ դիմորդներն են մասնակցելու, և այս ճեպազրույցին իմ մասնակցության հիմնական նպատակը այն է, որ մենք դիմենք ծնողներին, մեր դիմորդների բոլոր ուղեկցողներին և խնդրենք, որ հնարավորինս զերծ մնան ավանդական այդ հավաքներից քննական կենտրոնի մոտ»։

Հայաստանում արտադրվող կորոնավիուսի թեստերը ապահովում են բարձր ճշտություն և առաջիկայում դրանք կմատակարարվեն նախարարությանը: Այս մասին տեղեկացրեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը․ - «Ներկայումս մենք պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր, որոնք որ կբավարարեն հայաստանյան թեստավորման օրական պահանջարկը՝ մոտավորապես 2-2,5 հազար»։

Փաշինյանը դարձյալ անդրադարձավ հարցին, թե ինչու վարակի տարածման սկզբում Առողջապահության նախարարը հայտարարարեց, թե դիմակը կորոնավիրոսից չի պաշտպանում: Փաշինյանը նկատեց, որ Արսեն Թորոսյանը հետևել է Առողջպաահաության համաշխարհային կազմակերպության ցուցումներին: Բացի այդ, չթաքցրեց, որ վարակի տարածման սկզբնական փուլում դիմակների դեֆիցիտ կար․ - «Երբ որ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, դիմակ կրեք, իսկ խանութներում և դեղատներում դիմակ չկա, ըտեղ հարց չի՞ առաջանում էդ ինչ կոչ ա․․․ Դրա համար պետք էր դիմակների սպառումը զսպել, որպեսզի գոնե հիվանդանոցներում բժիշկները կարողանան դիմակ ունենալ»։

Հարցին, թե ինչու Կառավարությանը կից մանսագիտական խումբ չի ստեղծվում կորոնավիրուսի հետ կապված հարցերը քննարկելու համար, վարչապետը վստահություն հայտնեց, թե այսպես թե այնպես բոլոր մասնագետները ներգրավված են, իսկ կորոնավիրուսի վերաբերող ինֆորմացիան ամբողջ աշխարհում շատ բաց քննարկվում է։

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ վաղը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին սպասարկելու համար կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը 100 մահճակալով: Սպասվում է նաև Մարտունիում 50 մահճակալի սպասարկում, ևս 60 մահճակալ կավելացվի երևանյան Մեդլայն բժշկական կենտրունում։

Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 10 հազար 900 մարդ։ Ինչպես Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, այսօր հոսպիտալացման էր սպասում 164 մարդ․ - «Մինչև օրվա ավարտը այդ թիվը արդեն կավարտվի, գործընթացը կշարունակվի, վաղը կունենանք արդեն նոր պացիենտներ։ Բոլոր հիվանդները, ովքեր կարիք ունեն հոսպիտալացման, հոսպիտալացվում են։ Եթե տանը կան ախտանշաններ, մարդը ինքը պետք է իր պոլիկլինիկային տեղեկացնի, կազմակերպվի իր թեստավորումը, ըստ այդմ արդեն հոսպիտալացվի։ Այս կարգը պետք է պահպանել»։

XS
SM
MD
LG