Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն Ալիևին կոչ է արել հրապարակային համաձայնել նախկինում առաջ քաշած իր բանաձևին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովի տեսակոնֆերանսին, հայտնում են կառավարության լրատվական բաժնից:

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են: Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերված ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով», - իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը` նկատելով. - «Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա:

Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը»:

Հայաստանի վարչապետը նաև շեշտել է` համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: «Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Շնորհակալություն ուշադրության համար», - շեշտել է նա:

Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը` որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG