Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ համավարակը համագործակցության եզակի առիթ պետք է հանդիսանա, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ տրամադրելով մինչև 80 միլիոն եվրո վարկ, և բացի այդ, առաջիկա օրերին Երևան կժամանի ֆրանսիական կամավորական բժիշկների նոր թիմ։
Հայաստանի կառավարության լրատվական ծառայության առավոտյան հրապարակած` Մակրոնի նամակում ասված է. «Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ, տեղեկացա վերջերս կորոնավիրուսից Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և դրա հետևանքների դեմ: Այս ոգով էլ ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»։
Մակրոնը շարունակում է. «Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի»:
Ֆրանսիայի դեսպան. Հայ-ֆրանսիական հարաբերությունները յուրահատուկ են
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախագահ Մակրոնի նման նամակը Փաշինյանին վկայում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա հատուկ հարաբերությունների մասին. - «Անշուշտ, այս նամակը վկայում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող շատ յուրահատուկ հարաբերությունների մասին։ Երբ Հայաստանը բախվում է դժվարությունների, ողջ Ֆրանսիան մոբիլիզացվում է, և դա արվում է ինչպես ամենաբարձր մակարդակով՝ հանրապետության նախագահի նամակով, այնպես էլ տեղական իշխանությունների մակարդակով, երբ ապրիլին Պրովանսը օգնություն ցուցաբերեց Լոռու մարզին։ Այդ մոբիլիզացիան կատարվում է նաև քաղհասարակության մակարդակով. Ֆրանսիայում գործող տարբեր հասարակական կազմակերպություններ մոբիլիզացվեցին Հայաստանին օգնելու համար։ Ուշագրավ է, որ յուրաքանչյուր այսպիսի ճգնաժամ հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններում նոր դերակատարներ ի հայտ գան։ Օրինակ` Հայաստան ժամանած 20 բժիշկներից 18-ը Հայաստանի հետ որևէ կապ չունեին, հայկական արմատներ չունեն, իսկ 19-ը երբևիցե չեն եղել Հայաստանում։
Վստահ եմ, որ այս բժիշկների այցը՝ նրանց հետ առնչվող հայաստանյան ու ֆրանսիական բուժհաստատությունների համագործակցության հիմք կդառնա։ Կարծես, այս ամենը 1988թ. երկրաշարժից հետո տեղի ունեցածի շարունակությունը լինի՝ ավելի փոքր ծավալով։ Այդ երկրաշարժն էր, որ հիմք հանդիսացավ այսօրվա հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատման համար։ Հույս ունենք, որ պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ երկու երկրների առողջապահության ոլորտները համագործակցության հիմք են ստեղծում»։
Երեկ հեռախոսազրույց էր կայացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի միջև, որի ժամանակ դարձյալ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդման, մտքեր են փոխանակվել կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների, դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության համար։