Մատչելիության հղումներ

Covid 19. որտեղ է տարածվում, և որտեղ են առել վերահսկողության տակ


Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումից կես տարի անց վարակակիրների թիվն անցավ տասը միլիոնի շեմը. այս պահի դրությամբ, հիվանդների կեսից ավելին ապաքինվել է, չորս միլիոնը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ավելի քան հինգ հարյուր հազար մարդու կյանք, սակայն, չի հաջողվել փրկել:

Շատերի համար այլևս ճակատագրական այս սահմանագիծը մարդկությունը հատում է մտահոգիչ միտումներով. մի շարք երկրներում, այդ թվում վարակից ամենաշատը տուժած Միացյալ Նահանգներում, օրական դեպքերը կրկին ավելանում են, երբեմն`ռեկորդային արագությամբ: Ֆլորիդայում, օրինակ, անցած երկու շաբաթում վարակվածների թիվը հնգապատկվել է`ստիպելով տեղական իշխանություններին վերստին փակել բարերն ու լողափները: Նահանգապետ Ռով Դեսանտիսը երեկ կրկին ընդգծում էր, որ նոր դեպքերի մեծ մասը երիտասարդներ են` հորդորելով նրանց հետևել հակահամաճարակային կանոններին. - «Եթե նայեք, հիմա մեզ մոտ դրական թեստերի թվով առաջատարը 25-34 տարեկանների խումբն է ...երևի այդ մարդկանց թվացել էր, թե վերջ, համաճարակն ավարտվել է: Բայց ոչ, այն դեռ շարունակվում է, և մենք չպետք է մեր զգոնությունը կորցնենք»:

Տեքսասում ևս, ըստ նահանգապետ Գրեգ Էբոթի, համաճարակը վերջին շաբաթներին վտանգավոր շրջադարձ է արել`օրական դեպքերը 2 հազարից հասել են ավելի քան 5 հազարի, ընդ որում, այստեղ ևս նոր վարակվածների շրջանում գնալով ավելանում է երիտասարդների թիվը: Իրավիճակի լրջությունն ընդգծելու համար նախօրեին Տեքսաս էր մեկնել նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը` վերջին ամսիներին անընդհատ կրկնվող հորդորով` «լվանալ ձեռքերը, խուսափել երեսին դիպչելուց և դիմակ կրել այն վայրերում, որտեղ նման ցուցում է տրված»:

Համաճարակի երկրորդ ալիքի մասին են խոսում նաև Իրանում: Չինաստանից հետո վարակի երկրորդ ամենամեծ օջախը դարձած երկրում ապրիլ-մայիսին իրավիճակը կայունացել էր, այս ամիս, սակայն, կարանտինային սահմանափակումները մեղմելուց հետո, դեպքերը սկսեցին կտրուկ ավելանալ: Անցած քսանչորս ժամում նոր ռեկորդ է արձանագրվել` 162 մահ մեկ օրում:

Նախագահ Հասան Ռոհանին նախօրեին հայտարարեց, որ ստիպված են անցնել նոր, առավել խիստ կանոնների. - «Հուլիսի 5-21-ը բոլորը պարտավոր են հավաքատեղիներում դիմակներ կրել, անհրաժեշտության դեպքում այս պահանջն է'լ ավելի կերկարաձգվի: Մենք պարտավոր ենք հետևել կանոններին կորոնավիորւսի դեմ պաւքարելու համար, այլ տարբերակ չկա: Մինչև այժմ ո'չ դեղ է գտնվել, ո'չ էլ պատվաստանյութ, ուստի մենք ինքներս պետք է հետևենք առողջության պահպանմանը»:

Անցած տարեվերջից տարածվող վարակն առայժմ միայն փոքրաթիվ երկրներ են հաղթահարել, կամ վերահսկողության տակ վերցրել: Հաջողված օրինակների թվում առաջինը, թերեևս նոր Զելանդիան է, որտեղ մոտ մեկ ամիս վարակի ոչ մի նոր դեպք չէր արձանագրվել: Իրավիճակը մի փոքր փոխվեց շաբաթներ առաջ, երբ իշխանությունները թույլատրեցին արտերկրում մնացած նորզելանդացիներին հայրենիք վերադառնալ: Ըստ գործող կարգի, վերադարձողները պետք է տասնչորս օրով մեկուսանային հատուկ առանձնացված կացարանում և դուրս գային կրկնակի թեստավորումից հետո: Այդուամենայնիվ, նախօրեին երկու նոր դեպք էր գրանցվել`կացարանից դուրս: Բրիտանիայից վերադարձած երկու կանայք մեկուսացման վայրը լքելու վաղաժամ թույլտվություն էին ստացել`պատճառաբանելով, թե ուզում են մահամերձ հորը տեսակցել, հետո պարզվել էր, որ վարակված են կորոնավիրուսով:

«Այն, ինչ տեղի է ունեցել, այլևս չպետք է կրկնվի», - պահանջել էր վարչապետ Ջեսիկա Արդենը: Հինգմիլիոնանոց երկրում այս պահին քսան վարակակիր կա, մինչ օրս վարակվել է հազար հինգ հարյուրից ավելի մարդ, մահացել քսաներկուսը:

Հաջողված օրինակների շարքում է նաև Վիետնամը, որը երկարաձիգ`ավելի քան 1400 կիլոմետրանոց սահման ունի վիրուսի առաջին օջախը դարձած Չինաստանի հետ, սակայն մինչև օրս կորոնավիրուսի պատճառով որևէ մահ չի արձանագրել: 97 միլիոն բնակիչ ունեցող երկրում, ըստ պաշտոնական աղբյուրների, վարակվել է 350 մարդ, 330-ն արդեն ապաքինվել են:

Փորձագետները պնդում են, որ տեղի իշխանությունները թերևս առաջինն ու միակն էին աշխարհում, որ կարողացան ոչ թե զսպել, այլ կանխարգելել նոր կորոնավիրուսի տարածումը. հունվարի վերջին, չունենալով նույնիսկ վարակի մեկ դեպք, երկրի տարածքում, կառավարությունը համաճարակի դեմ պայքարի ծրագիր էր ընդունել, իսկ առաջին դեպքից հետո անցել խիստ սահմանափակումների` ավիահաղորդակցության չեղարկումից մինչև դպրոցների փակում, վարակվածների ու նրանց հետ շփված անձանց պարտադիր մեկուսացում:

Մայրաքաղաքից քիչ հեռու գտնվող Հա Լոի համայնքը, օրինակ, փակվել էր մոտ մեկ ամսով, երբ տեղի ավելի քան 11 հազար բնակիչների շրջանում կորոնավիրուսի մի քանի դեպք էր գրանցվել: Չորս շաբաթ անց, երբ զանգվածային թեստավորումը ցույց էր տվել, որ վարակ այլևս չկա, արգելապատնեշները հանվել էի, տեղի երիտասարդները փողոց էին դուրս եկել`իսկական տոնախմբության:

«Մենք 28 օր կարանտինի մեջ էինք, քիչ բան չէ: Ու թեև մեր ծաղիկներն ու բերքը փչացան, բայց հոգ չէ, կարևորն այն է, որ հաղթահարեցինք վարակն ու վերջապես ազատվեցինք այդ վտանգից», - Ռոյթերզին ասել էր նրանցից մեկը:

Վիետնամի արագ արձագանքը պատահական չէ, ասում են համաճարակաբանները` հիշեցնելով, որ այդ երկիրը վիրուսների, այդ թվում նախորդ մահաբեր կորոնավիրուզի`Sars-ի դեմ պայքարի դառը փորձ ունի, կառավարոթյունն էլ քանիցս համոզվել է, որ այսօրինակ հիվանդությունների դեպքում ավելի ճիշտ է չափից շատ հակազդել, քան հապաղել:

XS
SM
MD
LG