Համաշխարհային հանրությունը շարունակում է պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 10,1 միլիոն մարդ, այս հիվանդության հետևանքով մահացածների թիվը մոտենում է 502 հազարին, ապաքինվել է ավելի քան 5,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Վիրուսը շարունակում է ակտիվորեն տարածվել աշխարհի տարբեր մասերում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտ մեկ միլիոն նոր դեպք է գրանցվել:
Ամենամեծ աճը գրանցվել է Միացյալ Նահանգներում: Դեպքերի ընդհանուր թիվն այստեղ ավելի քան 2,5 միլիոն է, մահացածների թիվը մոտենում է 126 հազարին: Կալիֆորնիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել բարերը վարակի նոր բռնկման պատճառով: Մի քանի նահանգներում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում կարանտինը հանվել կամ զգալիորեն թուլացվել էր, գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային աճ: Սա ստիպել է տեղական իշխանություններին Տեքսասում, Ֆլորիդայում և մի շարք այլ նահանգներում կրկին սահմանափակումներ մտցնել բիզնեսի համար:
Բրազիլիան վարակվածների թվով երկրորդն է, այս երկրում մեկ օրում ավելի քան 30 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 1,3 միլիոնը, մահացել է մոտ 58 հազար մարդ:
Նոր դեպքերի թվի կտրուկ աճ է գրանցվում Կենտրոնական և Հարավային Ամերիկայում: Դեպքերն աճում են նաև Ասիայում և Աֆրիկայում. փորձագետները ենթադրում են, որ այստեղ հուլիսի վերջին միայն համաճարակը կհասնի գագաթնակետին:
Հարավային Կորեայում վարակակվածների թվի նոր աճ է գրանցվում: Այդ պատճառով իշխանությունները մտադիր են խստացնել կարանտինային միջոցառումները, մասնավորապես՝ կրկին փակել ուսումնական հաստատությունները, արգելել 10-ից ավելի մարդկանց հավաքվելը: