Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաև նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից և ձախողումներից»:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հատկանշական է համարել, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի և առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը: «Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են՝ կիսելու իրենց փորձը և օգնելու Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Նախագահ Սարգսյանը, բարձր գնահատելով ֆրանսիացի բժիշկների շնորհակալ աջակցությունը՝ նրանց առողջություն և ապահով վերադարձ է մաղթել Ֆրանսիա: «Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար: Խնդրում եմ Հայաստան գալ նաև կորոնավիրուսից հետո», -ասել է նախագահը՝ շարունակելով - «Ես հույս ունեմ, որ դուք այստեղ նաև ընկերներ ձեռք կբերեք: Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդ և նախագահ, ով ոչ միայն իմ, այլև մեր երկրի լավ բարեկամն է»: