Դոնալդ Թրամփը վերսկսում է նախագահական քարոզարշավը. մի քանի ժամից նա առաջին հանրահավաքը կանցկացնի Օկլահոմա նահանգում` կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր:
Գործող նախագահի աջակիցները դեռ օրեր առաջ են սկսել հավաքվել Թալսա քաղաքի մարզադաշտի մերձակայքում, որտեղ և նախատեսված է հավաքը: Նախօրեին քաղաքապետը պարետային ժամ էր հայտարարել` թույլ չտալու անկարգություններ ու բռնություններ, որոնք արձանագրվել էին վերջին շաբաթներին` ռասայական խտրականության դեմ սկսված ցույցերի ժամանակ:
Ինքը` նախագահ Թրամփը Թվիթերի իր էջում զգուշացրել է. «Օկլահոմայում անարխիստներին, բռնարարներին ու գողերին կվերաբերվեն բոլորովին այլ կերպ, ոչ այնպես, ինչպես Նյու Յորքում, Սիեթլում կամ Մինեապոլիսում»:
Ավելի վաղ Թալսա քաղաքի մի խումբ բնակիչներ և գործարարներ դիմել էին դատարան` զանգվածային միջոցառումը արգելելու կամ մասնակիցների համար դիմակները պարտադիր դարձնելու պահանջով, Օկլահոմայի Վերաքննիչ դատարանը, սակայն, երեկ մերժել է այդ դիմումները: