ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Օկլահոմայում առաջին նախընտրական հանդիպումն է անցկացրել համաճարակի բռնկումից և ամիսներ շարունակված սահմանափակումներից հետո:
Ելույթ ունենալով աջակիցների առջև` նա պնդել է, թե նոյեմբերի երեքին ամերիկացիները պետք է ընտրություն անեն բիզնեսին ու իրավապահներին աջակցող կառավարման և ձախակողմյան ծայրահեղականության միջև: «2020-ի ընտրությունը շատ պարզ է` ուզում եք ընկրկել ձախակողմյան շարժման առջև, թե ամուր կանգնել որպես հպարտ ամերիկացի»,- հայտարարել է նա:
Թրամփը նաև պնդել է, թե հաղթելու է իր դեմոկրատ մրցակցին` նախկին փոխնախագահ Ջո Բայդենին` վերջինիս բնորոշելով որպես «ձախերի անօգնական խաղատիկնիկ»:
Լրատվամիջոցները միաժամանակ հաղորդում են, որ նախընտրական հանդիպման համար առանձնացված`19 հազարանոց մարզադաշտը ամբողջությամբ չի լցվել, թեև Թրամփի շտաբը մուտքի մոտ դիմակներ ու ախտահանիչ միջոցներ էր բաժանել: Հավաքի մեկնարկից անմիջապես առաջ հաղորդվել էր, որ նախընտրական շտաբի աշխատակիցներից վեցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե այս տեղեկություններով լրատվամիջոցները փորձում են վախեցնել իր աջակիցներին: