Մատչելիության հղումներ

Վանեցյանը և մյուսները օգտագործում են Ծառուկյանին՝ անկայունություն հրահրելու համար․ Արման Բաբաջանյան


«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանի հետ:

Բաբաջանյան. - Արթուր Վանեցյանի, Դաշնակցության, մյուս ուժերի պահվածքը այս օրերին ինձ համար նորություն չէ և առավել քան կանխատեսելի էր: Իրականում Ծառուկյանի անձն ու ազատությունը նրանց, կարծում եմ, շատ քիչ է հետաքրքրում, կամ չի հետաքրքրում ընդհանրապես: Բոլոր այդ և էլի մի շարք ուժեր, [որ] վստահաբար առաջիկայում կհայտնեն իրենց միավորվելու մասին, ունեն մեկ ընդհանրություն, որը պայմանականորեն կարող ենք անվանել ռուսական գործակալական ցանց` իրենց առանձին նշանակությամբ և գործառույթներով: Նրանց նպատակը մեկն է. օգտագործելով Ռուսաստանի ազդեցությունը տնտեսական քաղաքական, անվտանգային կարևորությունը մեր երկրում` Հայաստանում անկայություն հրահրել և հասնել իշխանափոխության: Այս ուժերը չունեն գաղափարական, ծրագրային որևէ ընդհանրություն: Սա իրականում նրանց կողմից կազմակերպված պատերազմի է ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Այս ամբողջ գործընթացները ուղղակի պատերազմ են, ճակատամարտ են ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Այս ուժերին միակ միավորողը 5-րդ շարասյան կարգավիճակն է: Չունենալով ոչ մի գաղափարական ընդհանրություն, Ռուսաստանից սնվող, Ռուսաստանում տարատեսակ կադիրովների և հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված նախկին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որ դավաճանել է իր քաղաքական թիմի առաջնորդին, մի մարդու, ով իրեն ոչ մի բանից դարձրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և սա ամենամեծ հարցն է, որի համար պետք է կշտամբել գործող վարչապետին, նա այսօր հավակնում է իր ուսերին դրած նախկին իշխանություններին, որոնք թաքցված են տարատեսակ ուղերձներով, փորձում են փաթեթավորված նոր դեմքերով ռևանշը իրողություն դարձնել:Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է միջոց, որը օգտագործվում է այդ նպատակին հասնելու համար: Անկեղծ ասած, այս ողջ պատմության մեջ ցավալի է միայն Դաշնակցության ներգրավվածությունը, որովհետև մնացած բոլորը վարվում են այնպես, ինչպես պետք է վարվեին»:

«Ազատություն». – Դուք ինչպես կհակադարձեք այս երկու օրը Ձեր հասցեին հնչող քննադատությանը, որ միակ ոչ իշխանական պատգամավորն եք, որը կողմ քվեարկեց, որ Գագիկ Ծառուկյանին զրկեն ազատությունից: Այս առիթով ասում են` հետևաբար Դուք իշխանական եք, որոշ դեպքերում` նույնիսկ շատ ավելի իշխանական, քան «Իմ քայլը»:

Բաբաջանյան. – Ես մնում եմ իմ շատ տարիներ առաջ որդեգրած հավատամքին, որ առհասարակ օլիգարխիան քաղաքականության մեջ տեղ չունի, և ում վերաբերյալ էլ որ լիներ այս նախաձեռնությունը, եթե դա վերաբերում է քաղաքական կյանքում օլիգարխիայի ներկայությանը, ինձ համար մերժելի է: Ես խորը համոզում ունեմ, որ օլիգարխիան պետք է հիմնահատակ ոչնչացվի մեր երկրի հանրային կյանքից, առավել ևս քաղաքականության մեջ այն տեղ չպիտի ունենա: Եվ եթե երկու տարի իշխանության համար, «Իմ քայլի» համար սա ընդունելի իրողություն էր, ինձ համար առաջին օրից եղել է անընդունելի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG