Մատչելիության հղումներ

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանը կքննարկի վաղը


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է դատախազությունը, նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում 2020 թվականի փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։

Ըստ Դատախազության, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր տեղեկացրեց՝ արդեն ստացել են միջնորդությունը և վաղն այն կքննարկեն մեկնարկող նիստում։

«Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին. մեկը՝ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և երկրորդ միջնորդագիրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Մենք վաղվա մեր հերթական նիստում կքննարկենք նաև այս միջնորդագրերը», - ասաց Միրզոյանը:

Մինչև գլխավոր դատախազի միջնորդությունը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե պատրաստ է ցանկացած սցենարի։ Կրկին ընդգծելով, որ քաղաքական պատվերով գործեր են հորինվում, հայտարարության մեջ ասվում է, թե իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարում չունի հստակ ռազմավարություն, և որ տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է։

Ըստ Ծառուկյանի, իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ կառավարությունն այժմ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։

«Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի», - ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ԱԱԾ-ն, Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: Այս գործի շրջանակներում ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է նաև 2017-ին ԲՀԿ շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։

Ի դեպ, ԱԱԾ-ն այսօր այդ գործին առնչվող նոր տեսանյութ է տարածել, որտեղ նաև հրապարակվել են նաև Ծառուկյանին ուղղված նամակներ, որոնք ըստ ԱԱԾ -ի՝ գրել են ԲՀԿ պատգամավորները։ Մասնավորապես՝ հրապարակված կադրերի համաձայն, Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը գրավոր իրենց նվիրվածությունն են հայտնում Ծառուկյանին, ոմանք խոստանում են իրենց հայտարարությունները համաձայնեցնել Ծառուկյանին հետ, ոմանք երդում են տալիս կատարել Ծառուկյանի հանձնարարությունները, խոստանալով նաև համապատասխան քանակով քվե չապահովելու դեպքում վայր դնել պատգամավորական մանդատը։

Մինչդեռ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց ԱԱԾ-ի կողմից ներկայացված նամակները կեղծ են, և այն, ինչ անում է իշխանությունը զզվելի է։

«Հաշվի առնելով, որ այսօր բոլոր ուժային կառույցները ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ իշխանություններին, ես չեմ բացառում, որ կրկին կեղծ ինչ-որ փաստաթղթեր են տարածում բնավ զարմացած չեմ», - ասաց Աբովյանը՝ նշելով. «Այնքան պրիմիտիվ գործելաոճ է ընտրել իշխանությունը, որ արդեն զզվելի է այս ամենը»:

Հավելենք, որ ԱԱԾ հրապարակած նամակներին ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադարձել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Զոհրաբյանը գրել է, թե թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունի, իսկ տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է։ Սերգեյ Բագրատյանը նույնպես պնդել է, իր անունից տարածված նամակը չի համապատասխանում իրականությանը՝ խոստանալով առաջիկայում դիմել դատարան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG