Մատչելիության հղումներ

«ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը», - շեշտում է վարչապետը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

«Ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է պետության ղեկավարը:

«Երբ ես, նաև վարչապետի կարգավիճակով, շատ պրոբլեմների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև: Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Կարծում եմ՝ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորմանը, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, կամ պետական կարգի և քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջև: Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդային ժամանակներից կա այդպիսի ընկալում՝ կար ստալինյան սահմանադրություն, կար բրեժնևյան սահմանադրություն, և կարծում եմ, որ այս իներցիաներով մենք, ցավոք, շարունակել ենք այդ պրոցեսը, և ամեն անգամ սահմանադրությունների տեքստերը Հայաստանում ուղղակի կամ անուղղակի, մի քիչ ավելի կամ մի քիչ պակաս, արդարացված ձևով կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի վերաբերյալ նրանց ունեցած խմբային պատկերացումների հետ: Մենք ունենք այսօր հնարավորություն՝ այս շղթան կտրել», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Երբ քննարկում էինք, հասկացանք, որ այսօր իսկապես ունենք այսպիսի հնարավորություն, որովհետև Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովը, չնայած ձևավորվել է վարչապետի որոշմամբ, բայց հանձնաժողովի կազմում շատ քիչ են մարդիկ, ովքեր ինձ կամ մեր քաղաքական թիմի հետ ունեն քաղաքական առնչություն»:

«Չնայած սահմանադրական փոփոխությունների մեկնարկի կամ մի կարևոր հանգրվանում քաղաքական հայտարարություններ անելու և դրանց հավատարիմ մնալու շատ տխուր ավանդույթներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, ցանկանում եմ ասել՝ իսկապես կարծում եմ և ինձ ինչ-որ առումով համարում եմ այդ պրոցեսի երաշխավորը, որ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի, կոնկրետ քաղաքական թիմի պատկերացումներն սպասարկելու հետ, որովհետև ես, առավելևս այսօր, եկել եմ այն համոզման, որ մեր պետական խնդիրները կարող են լուծվել, կամ այդ լուծման մեջ առանցքային դերակատարում ունի հանգամանքը, թե ինչքանով է պետական կարգը ձևավորվել քաղաքացու կամքի արտահայտությամբ, ինչքանով է բխում այդ կամքից և ինչքանով է հենված այդ կամքի վրա», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե «որպեսզի այս պրոցեսը մենք կարողանանք ապահովել, մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումների պրոցես պետք է սկսի՝ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ, որպեսզի <...> իսկապես սահմանադրության ընդունման պրոցեսը լինի քաղաքացուն պետական կարգի հետ և պետական կարգը քաղաքացու հետ կապելու մի օղակ»:

«Ես էլի ցանկանում եմ արձանագրել, որ մեր կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխություն պետք է չանենք: Իհարկե, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում դեռ կայանա և, եթե անկեղծ ասեմ, մենք նույնիսկ պետք է հասկանանք՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: Այն, ինչ որ մենք այսօր ունենք, արդյոք դա համարո՞ւմ ենք լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգ, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն արդյոք բավարար չափով զարգացա՞ծ են, կամ ցանկանու՞մ ենք արդյոք ավելի զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները», - ընդգծել է Փաշինյանը:

Ապա նա անդրադարձել է կարևոր քաղաքական քննարկումների առիթ դարձած այլ խնդիրների՝ գործող Սահմանադրության մեջ կայուն մեծամասնության առկայության, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների և ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու, անկախ դատական համակարգի:

«Գիտեմ, որ հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով և՛ ընդհանուր դատական համակարգը, և՛ սահմանադրական դատական համակարգը: Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները և դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք մի քանի անգամ ենք տեսել, երբ սահմանադրական դատական համակարգը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միջև կա որոշակի ընկալումների խզում, որը, չեմ կարծում, թե դրական ազդեցություն է թողնում մեր դատական համակարգի զարգացման վրա», - հայտարարել է վարչապետը:

«Իմ ընկալումը հետևյալն է՝ մենք քաղաքական ուղերձները պետք է հղենք մասնագիտական հանձնաժողովին, ստանանք հանձնաժողովի ուղերձները և կարծիքներն այդ քաղաքական հարցադրման վերաբերյալ, մասնագիտական ֆիլտրով անցած գնահատականների վրա վերանայենք, վերագնահատենք մեր կարծիքները և կարողանանք կայացնել որոշումներ: Իհարկե, արձանագրել կամ նպատակ դնել, որ մենք պետք է ունենանք կոնսենսուսային վիճակ, կարծում եմ՝ ռեալ չէ ոչ միայն քաղաքական առումով: Նույնիսկ իրավաբանական հանրության շրջանակում, որտեղ որևէ քաղաքական, այսպես ասած, կոմպոնենտ չկա, հնարավոր չէ և հնարավոր չի լինի հասնել կոնսեսուսային իրավիճակի: Բայց մենք կարող ենք արձանագրել մի բան՝

ա. Հայաստանում բացառված է այլևս որևէ ընտրակեղծիքի կամ որևէ այլ գործիքի կիրառումը սահմանադրության ընդունման կամ ընդհանրապես որևէ ընտրական պրոցեսում:

բ. Ի վերջո, ժողովուրդը պետք է կայացնի որոշում, և որպեսզի ժողովրդի կայացրած որոշումը ծառայի մեր առաջնային նպատակին, մենք պետք է առավելագույնն անենք, որ մեր հանրությունը հնարավորինս բովանդակային բանավեճին ծանոթ լինի», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև ընտրական գործընթացների հետ կապված մի հարցի՝ ասելով. - «Մենք պետք է մտածենք Հայաստանում ընտրական համակարգի տեխնոլոգիական այլընտրանքներ ունենալու մասին: Տեսեք՝ հիմա հանրաքվե ունենք նշանակած, որը կորոնավիրուսի պատճառով չենք կարողանում և, ըստ էության, չենք կարող իրականացնել: Բայց կա տեսակետ, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար լինելու է մեզ հետ՝ ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում, և կարող է համաճարակային վտանգավոր իրավիճակ լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ և այլն: Մենք պետք է մտածենք, թե արդյոք կարող ենք ունենալ օնլայն քվեարկության հուսալի համակարգ, որի արդյունքները նույնքան վստահելի կլինեն, ինչքան վստահելի են, օրինակ, մեր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, որ այս հարցին պետք է նայենք ոչ միայն ուղղակի որպես ընտրական հարց, այլ սա, ըստ էության, նաև մեր պետական անվտանգության հարց է»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է 2020 թվականի փետրվարից կատարված աշխատանքները՝ նշելով, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ քննարկումներն անցկացվել են հեռավար տարբերակով:

Ակնկալվում է մինչև դեկտեմբերի վերջ ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչև 2021-ի հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ, նաև ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG